Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները խնայողությամբ օգտագործելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է «Երևան» ՋՕ ընկերությանը՝ հոկտեմբերի 1-ից խորքային հորերը փականային ռեժիմի բերելու պահանջով, ինչի արդյունքում կխնայվի միլիոնավոր խորանարդ մետր խորքային ջուր:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Սիփանիկ համայնքի տարածքում գտնվող ինքնաշատրվանող տիրազուրկ խորքային հորը փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայվել է տարեկան 465,000 խմ ջուր։ Արարատյան դաշտի ստորերկրյա բարձր որակի նման ծավալի ջուրը տարիներ շարունակ առանց օգտագործվելու լցվում էր հարակից ցամաքուրդը։

Փականային ռեժիմի բերված հորի մոտ կառուցվել է նաև փականային հանգույց՝ ջուրը ոռոգման շրջանում հարակից համայնքների բնակիչների միջև արդյունավետ բաշխելու համար։

Աշխատանքներն իրականացվել են Շրջակա միջավայրի նախարարության ներքո՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԳԱՏՕ ծրագրի շրջանակում։