Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ զարմանալի վիճակագրություն քաղցկեղի վերաբերյալ.

«Հետք»-ը Կապանի բժշկական կենտրոնից հարցման միջոցով ստացել է 2014-2018թթ․ նորագոյացությունների ու սիրտանոթային հիվանդությունների պատճառով կենտրոնում գրանցված մահվան դեպքերի (բացարձակ և հարաբերական տվյալներով), ինչպես նաև այդ ընթացքում արձանագրված նորագոյացությունների նոր դեպքերի ցուցանիշները։

2018թ-ի քաղցկեղի ցուցանիշները շատ զարմանալի են, քանի որ կտրուկ տարբերվում են 2014-2017թթ․ ցուցանիշներից։

Այսպես․

Եթե 2014-2017թթ․ քաղցկեղից մահվան դեպքերի բացարձակ թիվը եղել է 98-136-ի միջակայքում, ապա 2018թ-ին եղել է ընդամենը 58՝ այսինքն մոտ 2 անգամ պակաս։

Եթե քաղցկեղից մահվան դեպքերի հարաբերական թիվը 2014-2017թթ․ եղել է 326-477-ի միջակայքում, ապա 2018թ-ին այն եղել է 210՝ այսինքն 1,5-2,5 անգամ պակաս։

Եթե քաղցկեղի նոր գրանցված դեպքերը 2014-2017թթ․ եղել են 110-150-ի միջակայքում, ապա 2018թ-ին այն եղել է 70՝ այսինքն 1,5-2,5 անգամ պակաս։

Իհարկե, ես շատ ուրախ կլինեմ, որ այս թվերն, իսկապես, այսպես կտրուկ նվազած լինեին 2018թ-ին, բայց բնության մեջ այդպիսի բան հնարավոր չէ։ Ակնհայտ է, որ կա վիճակագրական մեթոդաբանության սխալ և պետք է դա բացահայտել, քանի որ սխալ մեթոդներով արված հաշվարկները բերում են սխալ եզրահանգումների։

Հարգելի ՀՀ առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան, պետք է պարզել, թե ինչո՞ւ է այսպես ստացվել թվերի հետ»: