ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների արդյունքում պատասխանատվության կենթարկվեն դատավորները:

Նախարարը նշել է, որ միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա:

«Սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի հարուցման, այլ հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե ոչ: Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե՝ ոչ»,- մանրամասնել է նա:

Ինչ վերաբերում է վեթինգի մասին նախագծին, նախարարը նշել է, որ նախագծի մի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը, գրեթե պատրաստ է: