Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա մերձավորներին պատկանող անշարժ գույքի ցանկը ժամանակի ընթացքում մեծանում է: Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ՝ 2007թ-ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 և 1.5 հա հողակտորները: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին՝ ընդանուր 2913 քմ հողակտորի փաստացի սեփականատեր:

Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնում ձեռք բերած անշարժ գույքերը այդ ժամանակ գրանցում էր վարորդի՝ Մխչյան գյուղի բնակիչ Գրիգոր Գևորգյանի անունով: Այդպես է նա վարվել նաև Ծաղկաձորում ձեռք բերած անտառային հողերի գրանցման ժամանակ: Գրիգոր Գևորգյանը 2007թ-ին Դիլիջան համայնքի անցկացրած աճուրդում գնել է 1.5 հա հողակտոր, որի համար վճարել է 19 միլիոն 560 հազար դրամ: Մեկ քառակուսու գինը սահմանվել է այդ ժամանակ 1304 դրամ: Գրիգոր Գևորգյանը նույն հողակտորի կողքին 74 միլիոն 328 հազար դրամով գնել է 5․7 հա հողակտոր։ Երկու հողակտորներն էլ մինչև 2018թ-ն գրանցված են եղել Աբրահամյանի վարորդի անունով, իսկ 2018թ-ին դրանցից փոքրը՝ 1.5 հա-ն, վաճառել է: Գնորդը սեփականության իրավունքը դեռ չի գրանցել Կադաստրի կոմիտեում, այդ իսկ պատճառով նրա անունը դեռ հայտնի չէ:

Այս հողակտորները բոլոր կողմերից շրջապատված են անտառով և ունեն բացատի տեսք: Հողակտորները գտնվում են Դիլիջան համայնքի Կոմպոզիտորների միության հանգստյան տան վերևում, սակայն հողակտորներն իրենց դիրքով պայմանավորված Դիլիջանի որևէ թաղամասից տեսանելի չեն:

Առանձնատների տարածք՝ նոր ստեղծվող թաղամասում․

Բագրատունի Բարսեղյանը Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավարն էր: Աբրահամյանը նրան այնքան էր վստահում, որ Հաղթանակ զբոսայգում կառուցվող առանձնատան գործարքի համար լիազոր անձը Բագրատունի Բարսեղյանն էր: 2015թ-ին, երբ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահն էր, Բագրատունի Բարսեղյանը մասնակցում էր Դիլիջանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդներին: Նույն օրը՝ 2015թ-ի հունվարի 22-ին, Բարսեղյանը հաղթող էր ճանաչվել միանգամից 4 հողակտորի գնման աճուրդներում՝ ամենաբարձր հայտ ներկայացնելով: Դիլիջանի Սարալանջի փողոցում գտնվող 4 հողակատորները (1,2,3,4), ընդահնուր՝ 2913 քմ-ն, նա գնել է 8 միլիոն 10 հազար 750 դրամով:

Ի տարբերություն վարորդի անունով գնված հողակտորների՝ թիկնազորի ղեկավարի գնած հողակտորները գտնվում են Դիլիջան քաղաքի այն թաղամասին կից, որտեղ կառուցվել և շահագործվում են Ֆինանսների նախարարության Դիլիջանի կառույցի աշխատակիցների առանձնատները: Բագրատունի Բարսեղյանի անունով գրանցված հողակտորներին հարող տարածքում ծրագրվել էր նոր թաղամաս կառուցել, իսկ այդ 4 հողակտորներն իրենց դիրքով գտնվելու էին թաղամասի կենտրոնում ստեղծվելիք շատրվանների անմիջապես կողքին: Հողակտորների առանձնահատուկ դիրքն ավելի արտահայտիչ երևում է քաղաքաշինական փաստաթղթերի քարտեզում, որի նմանությամբ էլ ընդգծել ենք վերը ներկայացված նկարը:

Քրեական հետապնդում չի իրականացվել․

Նախկին վարչապետին վերաբերող մի շարք քրեական գործեր միացվել և Հատուկ քննչական ծառայությունում մեկ վարույթի շրջանակում են քննվում: ՀՔԾ-ն նախորդ ամիս հայտարարեց, որ բացահայտվել են կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Դիլիջան համայնքում Հովիկ Աբրահամյանի մերձավորներին հողակտորներ վաճառելու դեպքեր: Վաղեմության ժամկետի և համաներման ակտի հիմքերով որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնել, սակայն Տարածքային կառավարման նախարարությանը առաջարկվել էր, որ աճուրդի որոշումներն առոչինչ ճանաչելու և գույքերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ գործընթաց սկսեն:

ՀՔԾ-ից քրեական գործի այդ դրվագի վերաբերյալ մեր մի շարք հարցերին ի պատասխան՝ հայտնել են.

«Ինչպես Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, այնպես էլ մյուս համայնքների ղեկավարների և հանձնաժողովների անդամների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված վաղեմության ժամկետներն անցած լինելու և համաներման մասին օրենքն ընդունելու հիմքով: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Բագրատունի Բարսեղյանին և Գրիգոր Գևորգյանին, ապա հարցման մեջ նշված դրվագներով նրանց գործողություններին իրավաբանական գնահատականներ դեռևս չեն տրվել քրեական գործի շրջանակներում: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու և նրանց արարքներին իրավաբանական գնահատականներ տալու ուղղությամբ»:

Դիլիջանի քաղաքապետարանը չի շտապում դատարան դիմել․

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում, բայց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ չի առերեսվել:

«Նոր ենք ստացել Տարածքային կառավարման նախարարությունից գրությունը որոշումներն առոչինչ ճանաչելու և հողերը համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու մասին: Մեր իրավաբանական բաժինն արդեն ուսումնասիրում է, թե հետագա քայլերն ինչպես պետք է արվեն, որովհետև սա առաջին դեպքն է: Անկեղծ ասած՝ մենք նմանատիպ փորձ չենք ունեցել և ուսումնասիրում ենք, որպեսզի տեսնենք ամբողջությամբ ինչպես է լինելու օրենքի սահմաններում, որպեսզի գործընթացը ճիշտ շարունակություն ստանա»,- ասել է Դիլիջան համայնքի ղեկավարը:

Հարցին՝ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանն ուղիղ կամ միջնորդավորված չի՞ առաջարկել, որ հողերը վերադարձնեն համայնքին և ազատվեն այդ պատմությունից, քաղաքապետը բացասական պատասխան տվեց: Արմեն Սանթրոսյանը վստահեցնում է, որ աճուրդների ժամանակ Հովիկ Աբրահամյանն իրեն չի զանգահարել, քանի որ աճուրդներն իրենց մոտ բաց են եղել բոլոր քաղաքացիների համար:

«Որևէ զանգ, որևէ նմանատիպ բան չի եղել, որովհետև ամբողջությամբ ուսումնասիրվել է գործը, այդ հատվածում կադաստրային արժեքը 1242 դրամ է, մեկնարկային գինը դրված է եղել 2500 դրամ, այսինքն՝ կրկնակի և ավել: Մասնկացել են 4 անձ, որոնց քայլերի ընթացքում գինը բերվել, հասցվել է 3000 դրամի: Այսինքն՝ որևէ միջնորդություն, որևիցե զանգ չի եղել և ցանկացած մարդ եկել, մասնակցել է»,- եզրափակել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: