Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան հայտարարություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքին․

«Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»:

Նա նշել է, որ Արցախում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ արցախցիներ, այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս: Առաջին անգամ այս հող ու ջրի իսկական տերերը մի խումբ բախտախնդիրների պատճառով ոչ միայն երկրում սահմանադրական կարգի տապալման, այլև պետության և պետականության գոյության կորստի իրական վտանգ են տեսնում:

Թող անհամեստություն չլինի, բայց 2012թ-ին ժողովրդի վստահության քվեի շուրջ մեկ երրորդը ստացած նախագահի թեկնածուս արդյո՞ք չէր կարող հանրային դժգոհությունների ալիքն ուղղորդել հանրահավաքների և ցույցերի կազմակերպմանը, թե՞ առիթ գտնելն էր դժվար: Չենք արել, քանի որ շատ լավ գիտակցել ենք դրա վտանգավոր հետևանքներն ու մեր պատասխանատվության աստիճանը, քանի որ դա չէր 1988թ-ի Արցախյան Շարժման նպատակը, դրա համար չէինք մի կտոր չոր հաց կիսելով 1991-94թթ-ին ազգային- ազատագրական պայքար մղում: Քանի որ հարգել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու մեր բոլորի հավաքական կամքը, ոչ թե պաշտոնակռիվ տալու անհեռանկար ճանապարհը»:

Նշվում է, որ Արցախում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ, ուստի ընտրություններից հետո, Բալասանյանն,անկախ զբաղեցրած պաշտոնից, կրկին շարունակել է իր ծառայությունը՝ իր բաժին ներդրումն ունենալով Արցախի զարգացման գործում:

«Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին:

Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները», - ասվում է հայտարարության մեջ: