Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող Մարտի 1 -ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն օգոստոսի 4-ին ազատ է արձակվել Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։
Պետրոսյանին դիմավորելու էին եկել նրա ընկերներն ու հարազատները։ Նա ուրախ էր և լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր փաստաբանը խոստացել է՝ մեղադրանքը կվերացվի, հայտնում է Aysor.am-ը։
Օգոստոսի 4-ին լրացել էր Պետրոսյանի կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը այդ ժամկետը լրացնելու միջնորդություն չէր ներկայացրել։
Հիշեցնենք, որ մարտիմեկյան իրադարձություններից տասը տարի անց ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: