Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը
Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը։ Այս մասին հայտնել է փաստաբան Գեորգի Մելիքյանը։ Գրում է «Պանորամա»-ն։
«Ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել դատավորի աշխատասենյակի խուզարկությունը թույլ տալու մասին։ Մենք բողոքարկել էինք վերաքննիչ դատարան։ Այսօր դատարանը բավարարեց մեր բողոքը՝ նշելով, որ խուզարկությունն անօրինական է»,- մանրամասնել է փաստաբանը։
Որոշման մեջ անդրադարձ է եղել նաև դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն։ Դրա վերաբերյալ այլ մանրամասներ Մելիքյանը չի հայտնել, ասել է, որ կսպասեն մինչև ստանան դատարանի որոշումը։
«Մոտենում ենք պատվիրատուների պատասխանատվության կանչելուն։ Քիչ մնաց»,- ֆեյսբուքյան իր էջում վերաքննիչ դատարանի որոշման մասին հայտնելուց հետո ավելացրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում Դավիթ Գրիգորյանին առաջադրվել է մեղադրանք դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Դատավորն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն ու չի ընդունում։ Ավելի քան 100 փաստաբան հայտնել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն՝ համարելով, որ դատավորի նկատմամաբ իրականացվում է հետապնդում իշխանությունների համար ոչ հաճո որոշում կայացնելու համար։