Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրեր առաջ իրավապահ մարմինները տեղեկացրեցին, որ Գնդեվազ գյուղի նախկին գյուղապետը 2014-2015թթ ընթացքում իրականացրել է մի գործարք, որով մոտ 10 հեկտար արոտավայրը սկզբում 850 դոլարով վաճառել է իր որդուն, ով էլ հետո նույն հողը վաճառել է «Լիդիանին», բայց արդեն 306 հազար դոլարով։ Այսինքն գյուղապետն, ըստ էության, համայնքին պատկանող հողերը դասական կոռուպցիոն եղանակով օգտագործել է՝ իր ընտանիքի շահերը սպասարկելու համար և դրանով իսկ նաև աջակցել է՝ «Լիդիան» օֆշորային ընկերությանն իր գործունեության համար անհրաժեշտ հողերը ձեռք բերելու համար։ Սա ընդամենն առաջին բացահայտված դեպքն է, և բացառված չէ, որ ամենևին միակը չէ։

Հիմա ուշադրություն․ ՀՀ Քննչական Կոմիտեն միանձնյա որոշել է, որ գյուղապետը կարող է ընդամենը յուրացրած գումարները հետ վերադարձնել, ազատվել պատասխանատվությունից և այս հարցը համարել փակված։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Քննչական կոմիտեն համայնքի փոխարեն որոշել, թե ինչ ճակատագիր պետք է ունենան կոռուպցիոն եղանակով համայնքից խլված հողերը։ Միգուցե, համայնքն ու ավագանին ա՞յլ կարծիք ունեն այս հարցում և իրենց ոչ թե իրենցից գողացված գումարն է պետք, այլ հենց հողատարածքները։ Ո՞վ է այդ հարցերը քննարկել համայնքի հետ, որ որոշել է, թե յուրացրած գումարները հետ տալով կարելի հարցը փակված համարել։ Նաև հարց է առաջանում, թե ո՞ւր են գնում այդ գումարները՝ համայնքի բյուջե՞, կենտրոնական կառավարությա՞ն, թե՞ մի այլ տեղ։

Ստացվում է, որ իրավապահ մարմինները հայեցողական որոշումներ են կայացնում, թե տարբեր համայնքներում կատարված յուրացումները և դրանք կատարողներն ինչ ճակատագիր կարող են ունենալ։ Մի դեպքում դատվում և նստում են, մի այլ դեպքում յուրացրած փողերը հետ են վերադարձնում և ազատվում քրեական պատասխանատվությունից, մի այլ դեպքում էլ որոշվում է ապօրինի սեփականացրած կամ օտարված հողատարածքները հետ վերադարձնել համայնքներին։

Այսպիսի մոտեցումն ուղղակի անթույլատրելի է և առաջին հերթին համայնքը պետք է որոշի, թե ինչ պետք է անել իրենից խլված սեփականության հետ, այլ ոչ թե՝ ինչ-որ իրավապահ մարմին։ Կարծում եմ, որ կոնկրետ Ամուլսարի ծրագրի համար ապօրինություններով օտարված և Լիդիանին վաճառված հողերը պետք է հետ վերադարձնել համայնքին, որ Թեղուտի նման հետո մեր գրպանից չվճարենք Եվրոպական դատարանների որոշումներով հաստատված փոխհատուցման գումարները»: