Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում հատված ամեն ծառի դիմաց 10-ը կտնկվի
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Թալին-Գյումրի հատվածի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն նախատեսված է տնկել 10 ծառ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, այս մասին ամրագրված է ծրագրի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև 2017թ. հոկտեմբերին կնքված պայմանագրում, որով «Էյ Թի Փի»-ն պարտավորվել է երեք տարիների ընթացքում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացնել ծառերի տնկման և հետագա խնամքի աշխատանքներ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում Թալին-Մարալիկ և Մարալիկ-Գյումրի ճանապարհահատվածներում 2018թ. գարնանը Մարալիկ քաղաքի հարակից տարածքում տնկվել է 1350 ծառ, իսկ 2018-ի աշնանը Թալին քաղաքի հարակից տարածքում՝ 500 ծառ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Տրանշ-3-ի կապալառու և վերահսկողական կազմակերպության ներկայացուցիչները պարբերաբար դիտարկում են իրականացնում՝ պարզելու ծառերի կպչողունակության մակարդակն ու իրականացվող խնամքը։ 2019թ. օգոստոսին համատեղ ստուգայցի ընթացքում հաստատվեց «Էյ Թի Փի» ընկերության արձանագրությունը, համաձայն որի՝ Թալինում տնկված ծառերից պահպանվել են 490-ը, կպչողունակությունը՝ 98 տոկոս, իսկ Մարալիկ քաղաքում պահպանվել է 1180 ծառ, կպչողունակությունը՝ 87 տոկոս։
Ծառատեսակներն ընտրելիս հաշվի են առնվել տեղի բնակլիմայական պայմանները, բացի այդ, խորհրդակցել են համայնքապետարանների աշխատակիցների հետ։ Տնկվել են ինչպես դեկորատիվ, այնպես էլ՝ պտղատու ծառեր (բարդի, հացենի, խնձորենի, ընկուզենի, նշենի և այլն):