Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի գերեզմանը Սանտյագո դե Կուբա քաղաքի Սանտա Իֆիգիենա գերեզմանատանը սկսել են պատրաստել նրա մահից 10 տարի առաջ, հայտնում է Juventud rebelde պարբերականը:

2006 թվականին ծանր հիվանդանալով՝ Ֆիդել Կաստրոն կառավարման լծակները փոխանցել է կրտսեր եղբորը՝ Ռաուլին, որն այդ ժամանակ ղեկավարում էր Կուբայի Հեղափոխական զինված ուժերի նախարարությունը: Նույն թվականին Ռաուլը ճարտարապետ ամուսիններ Է․ Լոսադեին և Մ․ Պերեսին հանձնարարել է սկսել նախագծել կոմանդանտեի գերեզմանը:

Արևմտյան կիսագնդում առաջին սոցիալիստական պետության հիմնադիրը կյանքից հեռացել է 2016-ի նոյեմբերի 25-ին 90 տարեկանում: Վայրը, որտեղ նա հուղարկավորվելու էր, գաղտնի էր պահվում ընդհուպ մինչև նրա մահը:

Միակտոր քարի խորշի մեջ տեղադրված է կոմանդանտեի աճյունափոշիով մայրուց սափորը:

Juventud rebelde-ը հայտնում է, որ նախագիծը սկզբում ղեկավարել է հեղափոխական պայքարի ակտիվ մասնակից և Ֆիդել Կաստրոյի մերձավոր համախոհ Խուան Ալմեյդան, որը 1979 թվականից մինչև իր մահը՝ 2009 թվականը զբաղեցնում էր Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահի պաշտոնը: Այնուհետև նրան փոխարինել է հեղափոխական զինված ուժերի փոխնախարար, գեներալ Ռամոն Էսպինոսան:

Ֆիդել Կաստրոյի գերեզմանը հուշահամալիրի կողքին է, որտեղ հանգչում է Կուբայի ազգային հերոս, անկախության մարտիկ Խոսե Մարտիի (1853-1895) աճյունը: Յուրաքանչյուր կես ժամը մեկ հուշահամալիրում փոխվում է պատվո պահակը: