Խորովածի փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանում մեծ թվով զբոսաշրջիկներ
Արդեն ավանդույթ դարձած Խորովածի 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 18-ին: Անցկացման վայրն անփոփոխ է՝ Լոռու մարզ, Ախթալա համայնք: Փառատոնը հյուրընկալելու է տարբեր անկյուններից բազմաթիվ հյուրերի, խորովածի սիրահարների ու նաև նրանց, որոնք սիրում են հայկական խորոված պատրաստել:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ավանդական դարձած փառատոնը միջազգային նշանակություն ունի, այն տարածաշրջանում ամենակայացած և ամենասպասված փառատոնն է, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանում մեծ թվով զբոսաշրջիկներ:
«Երբ 11 տարի առաջ նախաձեռնում էինք այս փառատոնը, մեր առաջ նպատակ էինք դրել՝ պետք է գա մի օր, որ զբոսաշրջիկներն այցելեն Հայաստան՝ հատուկ փառատոների մասնակցելու համար, նույնիսկ ընտրություն կատարեն աշխարհի հայտնի փառատոների միջև, օրինակ՝ մասնակցեն Բրազիլիայի դիմակահանդեսին, թե Հայաստանի Խորովածի կամ Գինու փառատոնին: Այսօր դա արդեն իրականություն է, և հատուկ Խորովածի փառատոնին մասնակցելու համար Հայաստան են գալիս մեծ թվով զբոսաշրջիկներ»,- ասել է Մեխակ Ապրեսյանը:
Նա նաև նշել է, որ փառատոններն էապես նպաստում են հյուրընկալող և շրջակա համայնքների տնտեսական ակտիվացմանը, ներդրումների ներգրավմանը:
Ծրագիրն իրականացնող «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշել է, որ 11 տարի առաջ փառատոնի վերաբերյալ թերահավատությունը շատ էր, տեղի բնակչությունը նույնիսկ չէր հավատում, որ այն իսկապես ավանդական կդառնա:
«Մենք փառատոնը սկսեցինք այն ժամանակ, երբ խոհարարական միջոցառումներ չէին կայանում: Շատ են հարցնում՝ ինչու Ախթալայում, ասեմ, որ պետական ծրագիր կար՝ հյուսիսային դարբասների մոտ զբոսաշրջությունը զարգացնելու, բացի այդ, խնդիր կար՝ կապված տարածքների համաչափ զարգացման, զբոսաշրջային միջավայր զարգացնելու, ազգային խոհանոցը հանրահռչակելու հետ»,- ընդգծել է Սեդրակ Մամուլյանը:
Նրա խոսքով՝ այս տարի փառատոնի անցկացման հետ կապված խնդիրներ էին առաջացել, նույնիսկ հնարավոր էր, որ այն չանցկացվեր, բայց Ախթալայի բնակչությունը, զբոսաշրջային ընկերությունները, զբոսաշրջիկները դժգոհել են, բնակիչներն էլ ասել են, որ ամբողջ տարին սպասում են այդ փառատոնին:
Կազմակերպիչները նշել են նաև, որ փառատոնին առանձին տաղավարներով ներկայացվելու է խորովածի մշակույթը, անցկացվելու են մրցույթներ: