«Ինչքան լավ ու բարի կողմ ունեմ ժառանգել եմ հենց մայրիկիցս: Եվ, բնականաբար, ինչպես կաներ ցանկացած ծնող, փոխանցում եմ զավակներիս: Վալյա Սամվելյանն, իրոք աստվածատուր, բարձր տաղանդի տեր երգչուհի էր և հրաշալի մարդ՝ շրջապատի համար: Նա բոլորին հասնող էր և անչափ սիրված ժողովրդի կողմից»,- անկեղծացել էր երգչուհու որդին` երգահան Արա Գևորգյանը: Այս մասին գրում է mamul.am-ը։

«Ազնիվ ու անարատ հոգու տեր էր մեր Վալյան, և այդպես մաքուր ու ազնիվ էին հնչում նրա կատարած երգերը` ունկնդիրների բազմազան լսարանին հաղորդելով հուզական ու վսեմ զգացմունքներ»,- այսպես է բնորոշել Վալյա Սամվելյանին կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:

Վալյա Սամվելյանը եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատարը։ Անսամբլի կազմում հանդես է եկել 38 տարի՝ մինչև կյանքի վերջին օրերը։ 1957թ-ին արժանացել է միջազգային փառատոնի ոսկե մեդալի։ Ունի չորս ոսկե մեդալ և դիպլոմներ։ Թողարկել է 2 ձայնասկավառակ, համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:

Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսաններ Աշոտի, Շահենի և ուրիշների ստեղծագործությունները: Վ. Սամվելյանի առավել ճանաչված կատարումներից են «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զոր գիշեր» և «Շորորա» ստեղծագործությունները: