2019թ. օգոստոսի 8-11-ը տեղի ունեցավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնը, որը կազմակերպվել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Պլեներ-փառատոնի առաջին օրերին հայ և վրացի 30 երիտասարդ նկարիչները Թբիլիսիից, Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Երևանից, Աբովյանից, Հրազդանից և Գյումրիից, բաժանվելով չորս խմբերի, իրենց ղեկավարների՝ ջավախքցի հայտնի նկարիչներ Վիկտոր Հովհաննիսյանի, Ալեքսանդր Իգիթխանյանի, Համլետ Արոյանի, Մնացական Ղալաչյանի հետ այցելեցին Ջավախքի տեսարժան վայրեր և պատմամշակութային կոթողներ (Աբուլ լեռ, Փարվանա լիճ, Թմբկա բերդ, Խերթվիզ բերդ, Տաշվանքա սար, Ախալքալաքի բերդ, Վարձիա, Թումասի կամուրջ, Ջիվանու տուն-թանգարան, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցի, Սբ. Նշան Եկեղեցի, Ռաբաթ բերդ), կտավին հանձնեցին բալլադներում և բանաստեղծություններում ներկայացվող ջավախքյան չքնաղագեղ բնությունը, մասնակցեցին վարպետների կողմից անցկացված վարպետության դասերին՝ ձեռք բերելով տեսական և գործնական խորը գիտելիքներ, ունեցան արդյունավետ փորձի փոխանակում և նպաստեցին Ջավախքի մշակութային կոթողների, տեսարժան վայրերի ճանաչելիության բարձրացմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը:

Այնուհետև օգոստոսի 11-ին Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունում կայացավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնի ցուցահանդեսը, որին ներկա էին ՋԱՀ-ի պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբև բազմաթիվ հյուրեր Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:

«Պատահական չէ, որ այս փառատոնը տեղի է ունենում հենց Ախալցխայում. այստեղ ծնվել են այնպիսի հայտնի հայ նկարիչներ, ինչպիսիք են Վարդգես Սուրենյանցը, Վահրամ Գայֆեճյանը, Հակոբ Կոջոյանը և այլն: Ջավախքում արդեն ավանդույթ են դարձել երգի և պոեզյայի ամենամյա փառատոնները՝ «Ջիվանական և տերյանական օրերը»: Մենք որոշել ենք, որ պետք է լինի նաև կերպարվեստի փառատոն, և հուսով ենք, որ այն ևս կդառնա ամենամյա ավանդույթ»,- իր խոսքում նշել է ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը:

Ցուցահանդեսի վերջում պլեներ-փառատոնի մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ առավել աչքի ընկած երեք նկարիչները ստացան նաև խրախուսական մրցանակներ:

Ծրագրի կազմակերպմանը աջակցել են Ջավախքի երիտասարդ նկարիչների ասոցիացիան, Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունը և Սամցխե Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիան: