Ապրիլյան 4-օրյա պատերազմը նախ և առաջ ողբերգություն էր. հայերը տվեցին զոհեր ու վիրավորներ: Այդ ոճրագործությունից անցել է արդեն երեք տարի, կապված սրա հետ թե մեր երկրում, այնպես էլ արտերկրում մինչև օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմա-հայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը, մեր հանրությանն ապացուցելու, թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։

Նմանատիպ միջոցառման ականատես եղանք օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում,որտեղ հանդիսավորությամբ բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սաշա Գալստյանի հիշատակին նվիրված հուշարձանը: Ծնվել է 1996թ-ին։ 2003թ-ին սովորել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 2004թ-ին տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2012թ-ին։ Նույն թվականին ընդունվել և 2014թ-ին գերազանցության վկայականով ավարտել է Արմավիրի պետական բժշկական քոլեջը՝ ձեռք բերելով ատամնատեխնիկի մասնագիտություն: 2014թ-ին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը։ 2015թ-ի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ, ծառայել ՊԲ N զորամասում՝ որպես սանհրահանգիչ: Ծառայության 14 ամիսների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։Ապրիլյան պատերազմի օրերին՝ ապրիլի 2-ին, Սաշան իր երեք ծառայակից ընկերների և վաշտի հրամանատար Հարություն Նալբանդյանի հետ եղել է 112 մարտական դիրքի ՀԴԿ-ում։

Ծնողներին պատմել են, որ երբ կռիվը սկսվել է, կապիտան Նալբանդյանին դիրքից կանչել են օգնության։Նախքան հրամանատարը կգնար, Սաշան հարցրել է՝ արդյոք կարելի է իրեն այդ զենքով կրակել, որով մինչ այդ չի կրակել։ Հրամանատարն ասել է՝ «Եթե կարաս, կրակի՛»։ Սաշա Գալստյանը ծնողների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 1-ի գիշերը՝ դիրքեր բարձրանալուց 3 ժամ առաջ։ Նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել ադրբեջանական զինուժի հարձակումը։ Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ, զեկուցում է, որ հակառակորդը բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։ Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման։

Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում և զոհվում է հակառակորդի դիպուկահարի գնդակից։Մարտական դիրքը պաշտպանելիս թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:Սաշա Գալստյանը 2016թ-ին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» պետական մեդալով, 2016թ-ին՝ ՀՀ «Արիության» պետական մեդալով և «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։ Սաշա Գալստյանի տան բակում հանդիսավոր արարողությանը նրա ծնողների կողքին էին Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ընտանիքի բազմաթիվ բարեկամներ, զոհված զինծառայողների հարազատներ և ծնողներ: Հուշակոթողի բացման և օծման արարողությունից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո հուշակոթողի մոտ բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:

«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ խաղաղության ամեն վայրկյանը հնարավոր է դառնում Սաշայի նման տղաների շնորհիվ»,- ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Արմավիրի մարզը 8 զոհ է տվել Ապրիլյան պատերազմում:

«Մենք պարտք ենք պատերազմի բոլոր զոհերին, և այդ պարտքը պետք է վերադարձնենք մեր ամենօրյա աշխատանքով մեր երկիրը շենացնելու միջոցով»,- ասել է մարզպետը:

Այն նպատակ ունի վերաարժևորելու, վառ պահելու Գալստյանի ու ապրիլյան պատերազմի մյուս հերոսների հիշատակը: Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ նախագծման հիմքում դրված է հավերժության խորհուրդն ու հայրենասիրության գաղափարը: Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ նախագծման հիմքում դրված է հավերժության խորհուրդն ու հայրենասիրության գաղափարը:

«Սաշայի ծնողների ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում, որպեսզի այս հիշողությունը կենդանի մնա ու երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ դառնա»,- ասել է Բաղդասարյանը և հավելեց, որ հուշակոթողը մի քանի ամսում է նախագծվել:

Նրա խոսքով՝ հուշարձանի հիմքը հայրենիքն է, իսկ երկու սյունն էլ խորհրդանշում է ժողովրդին, որը երկու ձեռքում խաչն է բռնում որպես հավերժության նշան: Ապրիլյան պատերազմում զոհված բոլոր զինծառայողների անունները գրված են հուշարձանի հենասյուների վրա: Սաշայի ծնողներն իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել բոլոր ներկաներին իրենց որդու ծննդյան օրն իրենց կողքին լինելու համար: Սաշա Գալստյանի հայրը` Վաչագան Գալստյանը, ում մտահղացումն էր նման հուշարձան կանգնեցնելը, նշեց նաև, որ հուշարձանը, ճիշտ է, իրենց տան առջևում է, սակայն ապրիլյան քառօրյայի բոլոր զոհերի հիշատակն է հավերժացնում։

«Սաշայի ֆիզիկապես կենդանության օրոք ես մեկ տղա ունեի, իսկ նրա ու տղաների զոհվելուց հետո` բոլորն իմն են։ Սաշան մենակ չի արել իր գործը, և ես չէի կարող անել մի բան, որտեղ իր եղբայրների անունները չլինեին։ Միակ բանը, որը պետք է անեմ եզակիորեն իր համար` իր շիրմաքարն է։ Այսօր Սաշան իմ տղան չէ, ազգի տղան է ու նույն ձևով մնացած տղաներն իմն են»,- ասել է նա։

Սաշայի մայրը՝ տիկին Սոֆյան, նշել է, որ երկու տարի լացով է նշել այս օրը, սակայն վերջերս Արցախ կատարած այցի ժամանակ հասկացել է, որ լացելու ժամանակն ավարտվել է:

«Այնտեղ պատահական մարդիկ մեզ ճանաչում էին, փողոցում քայլելիս մոտենում ասում էին՝ դուք Սաշի մայրիկն եք, դուք Քյարամի մայրիկն եք: Դա մեզ պարտավորեցնում է, որ մեզ ճիշտ դրսևորենք, և այսուհետ ամեն բան անելու եմ իր ծնունդներն ուրախ ու հպարտությամբ դիմավորելու համար»,- ասել է տիկին Սոֆյան:

Վաչագան Սարգսյանի խոսքով` ինքը մեկ տղա է տվել զինված ուժերին, վերցրել` 106-ին: Զոհված Նորայր Գալստյանի մայրը` Նունե Աթաջանյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ շնորհակալ է Սաշա Գալստյանի ընտանիքին, որ հուշարձանի միջոցով Սաշայի գլխավորությամբ հավերժացնում են 107 տղայի հիշատակը։ Սաշայի մայրը` Սոֆի Գալստյանը, նշել է, որ տղան իր ծնունդը տոնել շատ էր սիրում ու միշտ խնջույք էր կազմակերպում։ Տիկին Սոֆին նշում է, որ տղայի զոհվելուց հետո երկու տարի ողբով է նշել Սաշայի ծննդյան օրը, սակայն այս տարի այլ կերպ է ամեն ինչ։

«Ես Սաշին խոսք եմ տալիս, որ այսուհետև իր ծնունդներն ուրախ եմ դիմավորելու, քանի որ նա կա», - ասել է տիկին Սոֆին։

Հուշարձանը կյանքի է կոչվել Սաշայի հոր, նրա ընկերների ու Գալստյանների ընտանիքի բարեկամ Խորեն Քոթանջյանի աջակցությամբ։