Արցախի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն պնդումներին, թե ՊԲ շարքային զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում հայկական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:

«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է», - ասվում է հայտարարության մեջ: