Փետրվարի 16-18-ը Կազանում կայանալու է բադմինտոնի մինչև 15 տարեկանների Եվրոպայի անհատական առաջնություն, որին մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ Հայաստանը կներկայացնեն 2 բադմինտոնիստուհիներ` Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը: Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկացմամբ, Հայաստանն այս ստուգատեսին տղամարդկանց և կանանց ՀՀ հավաքականներ չի ներկայացնելու:

Թաթարստանի մայրաքաղաք Կազանի Gymnastics Centre մարզապալատում փետրվարի 13-18-ը ընթանալու է նաև մեծահասակների բադմինտոնի 2018 թ. Եվրոպայի թիմային առաջնությունը:

Մեծահասակների բադմինտոնի Եվրոպայի անհատական առաջնությունը կայանալու է ապրիլի 24-29-ը Իսպանիայի Հուելվա քաղաքում: Այս ստուգատեսին մասնակցելուն հավակնում է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից Դանիայի Հոլբեկ քաղաքում մարզաձևի եվրոպական համադաշնության Centre of Excellence մարզումային ճամբարում քառամյա ծրագրով վարպետությունը կատարելագործվող բադմինտոնի կանանց մենախաղի ՀՀ՝ 8-ակի, զուգախաղի՝ 7-ակի չեմպիոնուհի, 21-ամյա Լիլիթ Պողոսյանը:

Ունեցած համեմատաբար բարձր վարկանիշի շնորհիվ Լիլիթն իրավունք էր ստացել մասնակցելու կանանց 2016թ և 2017թ Եվրոպայի անհատական առաջնություններին: Հավելենք, որ Լիլիթ Պողոսյանը բադմինտոնի միջազգային ֆեդերացիայի` BWF-ի կանանց մենախաղի դասակարգման ցուցակում այժմ զբաղեցնում է 392-րդ, իսկ եվրոպական դասակարգման աղյուսակում` 196-րդ հորիզոնականը: