Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի պաշտպանության բանակի համար:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ:

Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ որպես ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն նախատեսում է ընդունել կուրսանտներ նաև Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Հայաստան ժամանած կուրսանտներին Բժշկական համալսարանը կապահովի կեցավայրով, իսկ սննդի հետ կապված հարցերը կլուծվեն ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

ֆակուլտետը 2019-2020 ուսումնական տարում ընդունել է 18 կուրսանտ, ևս 34-ին՝ «Պատիվ ունեմ» ծրագրով: Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 18 կուրսանտներն այժմ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքները և օգոստոսի 26-ին զինվորական երդում կտան ԵՊԲՀ-ում: