«Մոսկովսկայա մասլենիցա» փառատոնին փետրվարի 12-ին կայանալիք ժամանցային միջոցառումները չեղարկվել են Մերձմոսկովյան շրջանում նախօրեին տեղի ունեցած Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառով: Նախատեսված ժամանակացույցով կանցկացվեն կրթական վարպետության դասեր»։ Այդ մասին նշվել է Մոսկվայի քաղաքապետի և ՌԴ մայրաքաղաքի կառավարության պաշտոնական պորտալում,փոխանցում է tert.am-ը:

Ինչպես հայտնել է լրատվամիջոցին ինքնաթիռի կործանման վայրում ստեղծված օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, Ռամենսկի շրջանում հայտնաբերվել է կործանված ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»: Նրա խոսքով՝ սև արկղը գտնվում է «բավարար» վիճակում:

Հիշեցնենք , որ երեկ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Ինքնաթիռի 71 ուղևորները զոհվել են, այդ թվում՝ 2 հայ։

Զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում։