Պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանն իր ծննդավայր Տավուշի մարզի Նորաշեն գյուղից 50 կմ հեռու 35 հա անտառային հող էր վարձակալել՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով:

Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը 2007թ. զբաղեցնում էր Զինված ուժերի շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Նույն այդ ժամանակ նա դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ և 60 տարով վարձակալել Արծվաբերդի անտառտնտեսության անտառային տարածքներից 35 հա: Տարեկան ընդամենը 420 հազար դրամ վարձավճարով վարձակալված տարածքում գեներալը ծրագրել էր հանգստի գոտի ստեղծել, սակայն մինչև 2016թ. ոչինչ չի արել: Բացառություն են միայն անտառի մեջ գտնվող գետի ափին երկու փոքր լողավազան ստեղծելու` անավարտ հողային աշխատանքները: Մինչև 2016թ-ը Արշալույս Փայտյանը չի վճարել վարձակալության գումարները, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան վճարման կարգադրություն արձակելու պահանջով: 2017թ. դատարանն արձակել է վարձավճարն ու տույժերը միասին 25 միլիոն դրամ գումար «Հայանտառ»-ին վճարելու կարգադրություն: «Հայանտառ»-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2016թ. արձակվել է վճարման կարգադրություն, որը գտնվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` կատարողական վարույթում, իսկ վարձակալության պայմանագիրը դադարեցվել է 2018թ-ին: Այսինքն, այս պահի դրությամբ Արշալույս Փայտյանը չի վճարել վարձակալության վճարն ու տույժ-տուգանքները:

Վարձակալված տարածքը տեսնելու նպատակով մենք այցելեցինք Տավուշի մարզ: Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցները մեզ ուղեկցեցին Իծաքար գյուղից դեպի Իջևան տանող երկրորդական ճանապարհով: Մեծ դժվարությամբ նրանք կարողացան նկարագրել վարձակալության տրամադրված տարածքը: Հախում գետի վրա կառուցված կամրջից դեպի Ծաղկավան գնացող ճանապարհի աջ և ձախ հատվածում՝ գետի երկայնքով տարածվող հատվածում էր Փայտյանը վարձակալել անտառային տարածքները: Վարձակալված տարածքներում կային և´ բացատներ և´ սաղարթախիտ ծառեր:

Մոտ 30 րոպե տարածքի մի փոքր մասում շրջելով` հանդիպեցինք հատված ծառերի բների: Անտառտնտեսության աշխատակիցները հավաստիացրին, թե տարածքում հատատեղ չկա: Միանշանակ չենք կարող պնդել, որ տարիներ առաջ ծառերի հատման հեղինակը Արշալույս Փայտյանն է, չենք էլ կարող բացառել, քանի որ հատված ծառերը գտնվում են նույն այն տարածքում, որը 2007թ.-ից վարձել է գեներալը: Այդ տարիներին Արշալույս Փայտյանի փայտի բիզնեսի մասին մամուլի հրապարակումների պակաս չկա: