ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց հաջողվել է իրականացնել 2017 թվականի ընթացքում պլանավորածը: Փոխանցում է tert.am-ը։

«2017 թվականին մեր առջև խնդիր էինք դրել, որ գնանք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ծախսերի կատարման առումով որոշակի պահպանողական քաղաքականություն դրսևորենք, որպեսզի կարողանանք պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպերը դանդաղեցնել»,- նշել է նախարարը:

Ըստ Արամյանի՝ այսօր կարելի է արձանագրել, որ պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճն էապես նվազել է: «2018 թվականին շուրջ մեկ տոկոսային կետով այդ ցուցանիշը կնվազեցնենք, եթե ամբողջովին կատարենք մեր բյուջետային շրջանակը»:

Ավելին՝ նախարարը նաև տեղեկացրեց, որ դրական տեղաշարժ կա հարկերի հավաքագրման հետ կապված. հարկերի հավաքագրման ցուցանիշը նախորդ տարի Կառավարությունը գերակատարել է։ Նույն պատկերն է եղել նաև անցած տարի ծախսերը նախորդ տարի ևս գերակատարվել էին՝ շուրջ 100 մլրդ դրամով:

«Կարևոր մեխն այն է, որ 30 մլրդ դրամով թերակատարվել են ընթացիկ ծախսերը, և ավելի մեծ շեշտադրում է կատարվել կապիտալ ծախսերի առումով: Ակնհայտ է, որ չենք կարող անընդմեջ՝ 5 կամ 10 տարի, չխոսել թոշակների բարձրացման մասին: Դա ճիշտ չէ, բայց մյուս կողմից պետք է վստահ լինենք, որ մեր տնտեսությունն ունի կայուն աճի տեմպեր, մենք ունակ ենք սեփական եկամուտների գեներացման միջոցով պերմանենտ բարձրացնել թոշակները»,- ընդգծեց Վարդան Արամյանը:

«Մեր գնահատականներով՝ նախորդ տարվա տնտեսական աճը 6.7-7.4 տոկոսի տիրույթում է գտնվում: Սպասենք մարտին, տեսնենք՝ ԱՎԾ-ը նախորդ տարվա տնտեսական աճի ինչ ցուցանիշ կհրապարակի: Ամեն դեպքում, լավ լուրն այն է, որ մենք ունենք սպասվածից բարձր տնտեսական աճ»։- եզրափակեց Վարդան Արամյանը: