Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել օրերս ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին, այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Գրում է «Ազատություն»-ը

«Այս պահին շարունակվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների երկխոսությունը համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ անձին տեսակցելու ուղղությամբ, դեռևս ընթացքի մեջ է»,- ասել է Ամարտունին՝ ժամկետների մասին հստակ որևէ բան չնշելով։

«Սովորաբար կարգն այնպիսին է, որ մենք փորձում ենք անհապաղ և հնարավորինս արագ դա կազմակերպել, բայց այս պահին չեմ կարող որևէ ժամկետների մասին ասել․ արագը մի դեպքում կարող է լինել շատ արագ, մյուս դեպքում՝ մի քիչ ավելի ուշ», - ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից է։ Նրա՝ ադրբեջանական կողմում հայտնվելու մասին լուրը հայտնի դարձավ օգոստոսի 13-ին։ Արցախի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ զինծառայողը Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից մարտական դիրքը լքել է դեռևս չպարզված հանգամանքներում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց պաշտպանության նախարարությանը, պնդում են, որ զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունները քարոզչություն է որակում։ Նախարարի համզամբ՝ Արայիկ Ղազարյանը տեղանքում մոլորվելու արդյունքում է հայտնվել ադրբեջանական կողմում։