Վերապատրաստվում են դատական ծառայողները և դատախազության աշխատակազմում պետական ծառայողները
Փետրվարի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է 2018 թվականի ուսումնական գործընթացը՝ դատական ծառայողների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստմամբ: Օրենքով սահմանված կարգով՝ դատական ծառայողները և դատախազության աշխատակազմում պետական ծառայողները պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ: Սահմանված կարգով՝ փետրվարից մինչև մայիս վերապատրաստում կանցնեն դատական ծառայողների՝ 15, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին՝ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների 4 խումբ:
Դատական ծառայողների վերապատրաստման առաջին խմբում ներառված է 12 ունկնդիր՝ ներառյալ Արցախի Հանրապետությունից: Դատական ծառայողների վերապատրաստման խմբերում ընդգրկված են գրասենյակի ավագ մասնագետներ, մասնագետներ, կրտսեր մասնագետներ, գործավարներ, գլխավոր հաշվապահներ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ֆինանսա-բյուջետային վարչության, ներքին աուդիտի վարչության, հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության, նյութա-տեխնիկական վարչության ծառայողներ, ինչպես նաև ՀՀ դատական արխիվի աշխատակիցներ, արխիվապահներ:
Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների առաջին խմբում վերապատրաստվում է 21 ունկնդիր: Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման խմբերում ընդգրկված են գործավարական գործառույթներ իրականացնող պետական ծառայողներ, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության, գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետական ծառայողներ, քարտուղարության, արխիվի բաժնի պետական ծառայողներ, ինչպես նաև այլ գործառույթներ իրականացնող պետական ծառայողներ։
Ուսուցման ծրագրի համաձայն՝ դատական ծառայողների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումն ավարտվելու է արդյունքների գնահատմամբ՝ բանավոր եղանակով, միասնական քննությամբ: