ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են հանձնել պաշտոնական որոշումն առ այն, որ դուստրերին անարգելու և սեռական ոտնձգությունների մեղադրանքով նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ չի հարուցվի վերջինիս մահվան կապակցությամբ: Քննությունը հաստատել է անարգանքի փաստերը, գրում է «Կոմերսանտը» ուժային կառույցներում սեփական աղբյուրների վրա հղումով:

Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ հարուցելուց հրաժարվելու մասին որոշումը կայացվել էր դեռևս հուլիսի ավարտին, սակայն միայն այժմ է հանձնվել աղջիկների պաշտպաններին:

Ըստ նախնական տեղեկատվության, Խաչատուրյան քույրերը, անկախ միմյանցից, դեռևս մայիսին դիմում էին գրել՝ խնդրելով քրգործ հարուցել իրենց հոր դեմ: Այդ օրվանից սկսած նախաքննությունը ստուգում էր նրանց շարադրած փաստերը՝ խոշտանգումներ, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների պարտադրում:

Քննիչները հաստատված են համարել Միխայիլ Խաչատուրյանի միանգամից մի քանի այդպիսի գործողությունները, որոնք տեղի են ունեցել դեռևս 2014թ-ին, ինչպես իրենց բնակարանում, այնպես էլ այլ վայրերում: Որոշում էր կայացվել քրգործ չհարուցել մեղադրյալի մահվան կապակցությամբ: Որոշման մեջ նշված հանգամանքերը համարվում են ապացուցված փաստեր:

19-ամյա Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը վերջերս հայտարարել էր, որ ըստ ՔԿ-ի, «աղջիկները մի քանի տարի շարունակ ենթարկվել են սիստեմատիկ խոշտանգումների և սեռական ոտնձգությունների: Այդպիսով, ըստ իրավաբանի, «հաստատվել են նախկինում աղջիկների դիմումներում շարադրված փաստերը» և արդեն «ակնհայտ է», որ նրանք գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում:

Նախաքննության նյութերի ուսումնասիրությունից հետո աղջիկների պաշտպանները կմիջնորդեն նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Եթե քննիչը մերժի, նրանք կդիմեն «համապատասխան ատյաններին»: