Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:

Եվ ահա այսպիսի քաջորդիներից է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն, ով չխնայելով կյանքը մինչև վերջ պայքարեց հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ՝ այն ետ շպրտելով հայկական դիրքերից: Հովհաննիսյանը ծնվել է 1994թ-ի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում:

Արմենի մասին գրվել են ու դեռ գրվելու են բազմաթիվ հոդվածներ, հուշեր, ավելին, վերջերս մի քանի երիտասարդ լրագրողների ջանքերով և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աջակցությամբ հրատարակվել է «Արմենը» գիրքը, որտեղ զետեղված են նրա մասին գրված բոլոր հոդվածներն ու հուշերը:

Այս տարի հետմահու նշվեց նրա ծննդյան 25-րդ տարելիցը:

«Հաշվի առնելով այս ամենն, որոշեցի հերթական անգամ այցելել նրա ընտանիքին, մասնավորապես՝ ծնողներին: Այցի ընթացքում նրանց նվիրեցի մի շարք թերթեր ու կայք էջերի հրապարակումներ, որտեղ տպագրել էի նրա մասին նյութեր: Զրույցի ընթացքում ծնողները հետաքրքիր պատմություններ պատմեցին նրա առօրյա ու բանակային կյանքից, իսկ վերջում հավելեցին, որ մոտ ժամանակներս կրկին ու հերթական անգամ գնալու են Արցախ, մասնավորապես Մարտակերտ քաղաք, այցելելով այն դիրքը, որտեղ ծառայել ու հերոսի մահով ընկել է Արմենը», - հայտնել է է Գարիկ Ավետիսյանը։

Նրա ծնողներն ասացին, որ իրենք ստացել են երկու խաչքար Արմենի անունով: Արմենի անունով քանդակվում է խաչքար: Քանդակագործն է սիրված մտավորական ու քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը: Այցելելով նրա անունով փառքի սրահ, հայրը՝ Լևոն Հովհաննիսյանը ցուցադրեց նկարչուհի Իննա Թումանյանի կողմից նվիրած անվանական լուսանկարները, որոնք նա նկարել է Արցախի, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանի տարբեր զորամասեր այցելության ընթացքում: