Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք նոր հրատարակությունների շնորհանդեսներ: Հրատարակչությունից հայտնում են, որ փետրվարի 17-ին, ժամը 15:00 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացվի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար: Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 15:00 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը:

Փետրվարի 21-ին, ժամը 15:00 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կներկայացվի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը փետրվարի 17-21-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմասնակցի Մանկապատանեկան գրքի ամենամյա երևանյան տոնավաճառին, որտեղ Հայաստանի առաջատար հրատարակչությունը ներկայացնելու է մանկապատանեկան լավագույն գրքերը: «Լավագույնը՝ փոքրիկ ընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հրատարակչության բացառիկ 3D հեքիաթները, Հովհաննես Թումանյանի հեքիաթները, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը», սիրված մանկագիր Սուրեն Մուրադյանի գրքերը, «Ուրախ գնացք» ամսագրի նոր համարները, «Լավ հեքիաթներ լավ երեխաների համար» շարքը, բանաստեղծությունների, հանելուկների, առակների, ասելուկների ժողովածուներ, երգարաններ, հավաքածուներ և այլն: Էրիխ Մարիա Ռեմարկ, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Աննա Ֆրանկ, Սթիվեն Քովի, Սպենսեր Ջոնսոն, Ջոն Գրին. գրքեր կներկայացվեն նաև տարիքային այլ խմբերի համար: