ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից՝ գնահատելով հնարավոր ռիսկերը:

Ինչպես ավում է կոմիտեի հայտարարության մեջ, վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ:

«Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն օդային երթևեկության կարգավարական կետերի աշխատանքը:

Լազերային լույսերի կիրառումը առավել մեծ ռիսկեր է պարունակում վերթիռի և վայրէջքի իրականացման ժամանակ, մասնավորապես, ընկնելով օդանավի դիմապակու վրա, անմիջապես սփռվում է օդաչուների խցիկով՝ թույլ չտալով օդաչուներին օգտվել սարքավորումների վահանակից, խոչընդոտելով օդաչուներին կատարել սահմանված գործընթացները։ Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը», - ասվում է հայտարարության մեջ։