«Զբոսաշրջությունը վրացական տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկն է, և Զբոսաշրջության ազգային գործակալությունը առավելագույն ջանքեր կգործադրի տուրիզմի հետագա զարգացման համար»,- այս մասին ասել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Գիորգի Չոգովաձեն՝ զբոսաշրջային ոլորտի մասնավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Չոգովաձեն նշել է, որ 2017 թ․-ին զբոսաշրջության ոլորտը գրանցել է ռեկորդային ցուցանիշներ և՛ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվի, և՛ եկամուտների առումով: Մասնավորապես, ըստ նրա, 2017թ-ին Վրաստան է այցելել 7 մլն 554 հազար 936 օտարերկյա զբոսաշրջիկ: Նախորդ տարի զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսությանը բերել էր 2 մլրդ 750 մլն դոլարի եկամուտ, ինչը 2016 թվականի համեմատ 27 տոկսով ավելի է: