Ռազմական Արխիվ 1990-1994 ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարվել Արցախի ազատագրական պայքարի մասնակից Մանուկ Պողոսյանի մասին․

«Օրեր առաջ «Ռազմական Արխիվ 1990-1994»-ը հրապարակեց մի հանրահայտ լուսանկար, որի վրա պատկերված էր վաղուց արդեն պատերազմի սիմվոլ դարձած անհայտ զինվոր։ Ոչ ոք չգիտեր՝ ո՞վ է այդ մարդը, որտեղի՞ց է նա, ինչպե՞ս է դասավորվել նրա ճակատագիրը։

Լուսանկարը հրապարակելուն պես իսկույն արձագանքեցին նրա երեխաները։ Եվ այժմ սիրով և պարծանքով ներկայացնում ենք ձեզ մեր հերոսին՝

ՄԱՆՈՒԿ ԱԶԱՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ

Ծնվել է 09.08.1962թ Արթիկ քաղաքի Գետափ գյուղում։

Մարտական ուղին սկիզբ է առել 1988թ Արծվաշենի դիրքերից, որին հաջորդել են Իջևանի, Շամշադինի Չինարի և Այգեպար գյուղերի դիրքերը։ Սևանի ջոկատի կազմում մասնակցել է Խոջալուի, Սարսանգի ջրամբարի, Շուշիի, Լաչինի մարտերին։
Մանուկ Պողոսյանը իր մասնակցությունն է ունեցել նաև Մարտակերտի, Ճարտարի և Աղդամի ազատագրմանը։ Սևանի ջոկատը համարվել է գրոհային ջոկատ։

1993 թվականին վիրավորվելու պատճառով զորացրվում է և վերադառնում խաղաղ կյանքի։ Այժմ բնակվում է Հայաստանում, ամուսնացած է՝ ունի 2 որդի և մեկ դուստր։

Նրան հանդիպելու դեպքում շնորհակալություն հայտնեք Հաղթանակի համար, նա այն կերտել է արդար պայքարում՝ արիաբար և մեծ անձնազոհության շնորհիվ։

ՀԳ․ Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք զերծ մնալ անհիմն մեղադրանքներից և վիրավորանքներից։
Հատկապես մի փորձեք քաղաքականացնել մեր պատմությունը։ Ցանկացած վիրավորական գրառում անհապաղ կհեռացվի, իսկ կրկնության դեպքում հեղինակը կարգելափակվի։

Շնորհակալություն»։