Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008-2018թթ կատարված.առերևույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 ՀՀ դրամ, որից քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը), Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը), Արծվանիստ համայնքի ղեկավարին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), Սարուխանի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) և Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: