Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել «Էլարդ» միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:

Տեսակոնֆերանսի ժամանակ ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն: Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը», - ասվում է գրառման մեջ: Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել՝ ամբողջությամբ ներկայացնելով քննարկումը:

Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Տեսակոնֆերանսի ընթացքում «Էլարդ» ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի: