Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամոբա (Մարիամ Աստվածածնի վերափոխման) տոնի կապակցությամբ, որը նշվել է օգոստոսի 28-ին, ներում է շնորհել 34 կալանավորի: Ներվածների թվում է նաև 2014թ-ին ոստիկան Թարաշ Մուկբանյանի սպասնության համար դատապարտված Ռամազ Դևաձեն, ինչը ընդդիմության և շարքային քաղաքացիների վրդովմունքն է հարուցել, գրում է «Sputnik Գրուզիան»:

Սոցցանցերում չի դադարում այդ թեմայի քննարկումը: Ֆրանսիայում գտնվող նախագահը հրաժարվել է մեկնաբանել իր որոշումը՝ ասելով, որ դատապարտյանլներին ներում շնորհելն իր օրինական իրավունքն է:

Նախագահի որոշումը դատապարտել է նաև խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին:

«Ինձ համար այս դեպքը՝ ոստիկանի սպանության համար դատապարտվածի ներումը, որը պատժի նույնիսկ կեսը չի կրել, անընդունելի է», - ասել է նա: