Հայաստանում անցկացվում է արշավ՝ ուղղված քաղցկեղի վաղ հայտնաբերմանը: Այն կրում է «Վաղ և ճշգրիտ» կարգախոսը:

Այս մասին հայտնել է պանորամա լրատվական կայքը։

Արշավն իրականացնող «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ քաղցկեղը մեծ տարածում ունի մեր հանրապետությունում, և ամեն տարի մեծ թվով կանայք ախտորոշվում են, սակայն ցավալի է, որ ուշ փուլերում են ախտորոշվում:

«Վաղ ախտորոշման դեպքում և ապաքինման շանսերն են մեծանում, և ապրելու շանսերը, նաև ավելի մատչելի է լինում բուժումը: Ինչու՞ «ճշգրիտ», քիչ չեն դեպքերը, երբ ախտորոշումը ճշգրիտ չի ստացվում, սա այլ խնդիր է: Կարևոր է ոչ միայն վաղ, այլև ճշգրիտ ախտորոշումը»,- ասաց նա:

Քոչարյանը տեղեկացրեց, որ արշավի շրջանակներում կունենան ծառատունկ, որի տեղը դեռ չի հրապարակվում, նախատեսում են դեղձենիների պուրակ ստեղծել, քանի որ կրծքագեղձի քաղցկեղի պայքարի գույնը վարդագույնն է, դեղձենին հենց այդ գույնով է ծաղկում: Ծառատունկն ապրիլի մեկին է լինելու, նախատեսված է նաև մեծ գիտաժողով, որի ժամանակ զեկույցներ են լինելու, խոսելու են նորույթների մասին՝ թե գիտական, թե պացիենտական, դա տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար է:

Քոչարյանը նշեց, որ փորձում են պացիենտի հետ կապը պահել, երբ ցուցում է տրվում մամոգրաֆիայի, հետազոտման, սակայն երբեմն այդ կապը կորչում է: Քոչարյանն ասաց, որ պաշտոնական տվյալներով տարեկան 1200 նոր դեպք է հայտնաբերվում, որի մոտ 40 տոկոսը՝ 3-րդ, 4-րդ փուլում:

Նույն կազմակերպության անդամ Անի Սահրադյանն ասաց, որ լինելով քաղցկեղ վերապրած մարդ, ընդ որում՝ քաղցկեղը բավական ուշ փուլում հայտնաբերած, միշտ իր խոսքը ուղղել է այն մարդկանց, ովքեր ավելի ուշ փուլում են հայտնաբերում:

«Ինձ մոտ քաղցկեղը հայտնաբերվել է երրորդ-չորրորդ փուլում: Ես կարծել եմ, որ կօգնեմ նրանց: Իմ օրինակով ուզում եմ բոլորին կոչ անել, որ եթե գոնե տարին մեկ անգամ գնան հետազոտվեն, շատ ավելի մատչելի կլինի թե բուժումը, թե ապրումները, թե կյանքին սպառնացող վտանգը: Մարդիկ վախենում են բախվել այդ ախտորոշման հետ, սակայն քաղցկեղը դատավճիռ չէ, անգամ այն փուլերում, երբ թվում է՝ ամեն ինչ վերադարձնել չի լինի»,- ասաց նա: