Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի նորակառույց մանկապարտեզն այսօր իր դռները բացեց երեխաների առջև։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ասել է, որ մանկապարտեզը կառուցվել է գյուղի անվտանգ տարածքում: Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

«Կարևորն այն է, որ սահմանից հեռու է, թշնամու նշանառության տակ չի գտնվում։ Եվ այսուհետ բաղանիսցի փոքրիկները կհաճախեն ապահով և հարմարավետ մանկապարտեզ», - ասել է նա՝ հավելելով, որ նոր շենքը բավականին գեղեցիկ է, գտնվում է գետի ափին, այն ունի ջեռուցման համակարգ, տաքացվող հատակ, դրսի խաղասրահ, ամառային թատրոն։

Մանկապարտեզը կառուցվել է ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունը սկսվել է 2018թ-ի սեպտեմբերին և ավարտվել այս տարվա հունիսին։

«Պաշտոնական բացումը եղել է հունիսին, սակայն արձակուրդների ժամանակ այն չի գործել, այդ ընթացքում որոշ կիսատ մնացած գործերն ենք ավարտել և այսօրվանից են երեխաները մանկապարտեզ հաճախում»,- նշել է գյուղապետը։

Նարեկ Սահակյանն ասել է, որ Բաղանիսում 1991-2013թ-ը մանկապարտեզ չի եղել։ Խորհրդային տարիների մանկապարտեզը պատերազմի ժամանակ գնդակոծության հետևանքով դադարեցրել է իր գործունեությունը: 2013թ-ին գյուղապետարանի առաջին հարկի սենյակներից մեկը վերանորոգել են և 6 տարի այն գործել է որպես մանկապարտեզ։