Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում բուհի դիմաց։ Նրանք պահանջում են, որ հրաժարական տված ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հետ վերադառնա:

«Դասադուլ», «Մենք ենք տերը մեր բուհի», «Հայրապետյան ռեկտոր» կարգախոսներով առավոտից հավաքվել են բուհի մոտ։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ իրենք պահանջում են խտրական վերաբերմունք չցուցաբերել, քանի որ խնդիրը համակարգային է։

«Խտրական վերաբերմունք ցույց տալով ու հրաժարականը պահանջելով՝ կորցնում ենք մի ամբողջ բարեփոխումների համակարգ», - նշում են ուսանողները։

Ուսանողների բողոքի ակցիային միացել են նաև մի քանի դասախոսներ։ Դասախոսներից մեկն ասել է, որ Ռուբեն Հայրապետյանի ձեռնարկած փոփոխություններն առավել քան անհրաժեշտություն են բուհի համար։

«Դրա ազդակը ուսանողների ձայնը, մոտիվացիան է, ուսանողներն ուզում են այդ բարեփոխումները։ Ցանկացած բարեփոխում ճանապարհին ունենում է խոչընդոտներ, անպայմանորեն ցավեցնող է, ունի թերություններ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի դեմ բողոքել էին բուհի մի խումբ դասախոսներ։ Ի վերջո նա հրաժարական տվեց, նրան մեղադրում էին գրագողության մեջ՝ կապված դոկտորական ատենախոսության հետ։ Նա հրաժարական տվեց, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը։