Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Հայկ Սեխլիյանի բուժումն արտերկրում շարունակելու համար նախաձեռնած դրամահավաքը շարունակվում է։

Հայկ Սեխիլյանն ասել է, որ դրամահավաքի միջոցով հավաքվել է 15 500 եվրո, սակայն բուժումը Գերմանիայում շարունակելու համար անհրաժեշտ է 35 000 եվրո։ Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

Նշենք, որ ամիսներ առաջ բուժումն արտասահմանում շարունակելու՝ ապրիլյան պատերազմի մասնակցի դիմումը կառավարությունը մերժել էր։ Լրատվամիջոցներով այդ մասին բարձրաձայնելուց հետո Հայկի հետ կապ են հաստատել վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոստանալով, որ ինչ-որ ձևով կփորձեն նրան աջակցել։ Դրանից հետո նրա մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտությունը կառավարությունն ուղարկել է գերմանական մի կլինիկա, որտեղ առաջիկայում Հայկը պետք է հետազոտվի։

Հայկն ասել է, որ Շենգենյան վիզա ստանալու համար այսօր պետք է մտնի Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն։

«Վիզան ստանալուց հետո անմիջապես կմեկնեմ Գերմանիա, քանի որ հետազոտությունը նախատեսված է սեպտեմբերի 4-ին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ այս կլինիկա միայն հետազոտության համար է մեկնելու և դա որևէ կապ չունի այն կլինիկայի հետ, որտեղ բուժման համար անհրաժեշտ է 35000 եվրո և դրա համար ներկայումս հանգանակություն է կատարվում։ Այսինքն՝ պետությունը ոչ թե ստանձնել է Հայկ Սեխլիյանի՝ արտերկրում բուժման ծախսերը, այլ իր կողմից ընտրած գերմանական մեկ այլ կլինիկայում՝ հետազոտություն անցնելու ծախսերը։

Ըստ նրա՝ այն կլինիկայից, որտեղ դիմել է կառավարությունը, պատասխանել են՝ բուժման հավանականությունն ավելի քիչ է, մինչդեռ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում գտնվող կլինիկաներից մեկում հետազոտություն անցնելուց հետո Հայկին պատասխանել են՝ 6 շաբաթյա բուժման կուրսեր անցնելուց հետո կկարողանա առանց ձեռնափայտի քայլել: Այսինքն՝ այստեղ բուժման արդյունավետությունն անհամեմատ ավելի բարձր է։

Ի դեպ նշենք, որ անցած տարի Բադեն-Բադեն հետազոտության գնացել է հրամանատարի աջակցությամբ։

«Վերականգնողական բուժումից հետո լավ, թե վատ, կքայլեմ, չեմ ասում 100%-ով, բայց կարևորը՝ կքայլեմ։ Գերմանացի մասնագետներն էլ հրաժարվեցին վիրահատությունից, քանի որ դա ռիսկային է, սակայն խոստացան, որ վերականգնողական բուժումներից հետո ոտքի կկանգնեմ»,- նշեց Հայկը։

Սերժանտ Հայկ Սեխլիյանը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախի Թալիշ գյուղում մարտական առաջադրանք կատարելիս։ Վնասվել է նրա ողնաշարը։ Այժմ առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել, քանի որ մարմնում դեռ բեկորներ կան, որից մեկը մոտեցել է ողնուղեղին։

Նրա խոսքով՝ դեռ նախորդ տարի բեկորը մեկ սանտիմետր հեռու էր ողնուղեղից, բժիշկները խուսափել են միջամտություն անել, հիմա վիճակը գնալով վատանում է, և եթե որևէ քայլ չանի, ապա կգամվի սայլակին։

Հետաքրքրվեցինք, թե «Իմ քայլը» հիմանդրամից արձագանքե՞լ են, Հայկը նշեց, որ իրեն միայն ասել են՝ իր հարցով կառավարությունն է զբաղվում։

Հ.Գ. Հայկ Սեխլիյանին օգնել ցանկացողները կարող են ցանկացած արժույթով գումար փոխանցել ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի հետևյալ հաշվեհամարին՝ 220098610326001։

Ամերիկայից Ֆոնտին կամ Facebookին փոխանցումները tax deductible են։