Գեղարքունիքի մարզի վոլեյբոլի առաջնությանը մասնակցել է չորս թիմ, որոնք հաղթողի կոչումը վիճարկել են շրջանաձև մրցակարգով:

Այս մասին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, նշելով, որ Գավառի թիվ 3 միջնակարգ դպրոցում հաղթողի կոչումը և մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը վիճարկել են Սևանի, Ակունքի, Գեղարքունիքի և Մարտունի քաղաքի վոլեյբոլի հավաքական թիմերը: Այս տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը։

Մրցանակային առաջին տեղը գրավել և Գեղարքունիքի մարզպետի գավաթը ստացել է Գեղարքունիք գյուղի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ակունքի, երրորդ տեղը՝ Սևանի թիմը, որոնք նույնպես պարգևատրվել են փոքր գավաթներով: Գավաթակիր թիմը, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են նաև պատվոգրերով և հավաստագրերով:

«Մրցաշարի տարածքային փուլին մասնակցել է 17 թիմ, որոնցից էլ եզրափակիչ են դուրս եկել չորս թիմ: Թիմերի կազմերում հանդես են եկել 20 տարեկանից բարձր մարզիկներ, իսկ մրցաշարի անցկացման հիմնական խնդիրը վոլեյբոլի մասսայականացումն է մեր մարզի համայնքներում: Հուսով ենք, որ հերթական մրցաշարին ավելի շատ համայնքների թիմեր կմասնակցեն»,- ասաց Գեղամ Չարվադարյանը:

Մրցաշարը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին: