Իսպանիայում բնակվող հայկական ծագմամբ ջութակահար Արա Մալիքյանը 2020թ-ի գարնանը համերգներով հանդես է գալու Ռուսաստանում։ kulturomania.ru կայքը, հղում անելով InterMedia-ին, գրում է, որ Մալիքյանի համերգները կայանալու են մարտի 12-ին Պետերբուրգում՝ Լենսովետի անվան մշակույթի պալատում, մարտի 13-ին՝ մոսկովյան Vegas City Hall-ում։ Երաժիշտի համերգները Ռուսաստանում կայանալու են «Royal Garage World Tour» համերգային համաշխարհային շրջագայության շրջանակում։ Նշվում է, որ «գարաժային» համերգները երգչի համար անձնական մեծ նշանակություն ունեն։

«Մի օր հայրս ասաց. «Որդիս, գնանք ավտոտնակ, այնտեղ կազմակերպենք Rolling Stones ռոք խմբի նման համերգ»։ Ես իջա ավտոտնակ»,- պատմել է Մալիքյանը։

Լիբանանահայ երաժիշտ ջութակահար Արա Մալիքյանը ծնվել է 1968թ-ին հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չխանգարեցին նրան սովորել և իր տաղանդը ի ցույց դնել։ Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում։ Ուսանել է Հաննովերում և Լոնդոնում: Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։ Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում 1993թ-ին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական կատարման համար:

Նա նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում (Carnegie Hall), Փարիզում (Salle Pleyel), Վիեննայում (Musikverein), Տորոնտոյում (Ford Center ), Կալաոռայում (Ideal Theatre), Մադրիդում ( Royal ), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Կադիսի, Պուերտոլյանոի, Տոկիոյի, Ստամբուլի, Բեռլինի, Աթենքի, Վենետիկի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Կուալա Լումպուրի, Կուբայի, Բոգոտայի, Մյունխենի, Բարսելոնայի և այլն համերգասրահներում: