ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին` «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»: Փոփոխությունները վերաբերվում են կենդանիների խոշտանգումների դեպքում քրեական պատասխանատվությանը։

ԲՀԿ-ի առաջարկով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, կսահմանվի տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ նվազագույնը 1 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով:

«Գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքով ընդամենը տուգանք է նախատեսված քաղաքացիների նկատմամբ նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև 100-ապատիկի չափով, ինչը բավարար չէ պոտենցիալ և գործող սադիստներին կանգնեցնելու համար: Նաև, որպես լրագրող, ուսումնասիրել եմ՝ արդյոք գործող ծիծաղելի տուգանքը պոտենցիալ կամ գործող սադիստներին կանխում է»,- նախագիծը ներկայացնելիս ասել է Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ անընդունելի են սոցիալական ցանցերում օրեցօր հայտնվող տեսանյութերը, որոնք պատմում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

Կառավարությունն ավելի խստացնող տարբերակ է առաջարկել:

«Կառավարության առաջաւկով նույն արարքի համար պատիժ է սահմանվում, եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրմամբ, այդ թվում՝ համացանցի միջոցով: Այս դեպքում կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքը պատժվում է տուգանքով 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով», - ասել է Նաիրա Զոհրաբյանը: