Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը անձնական գործերով եկել է Երևան և այստեղ կմնա մեկ շաբաթ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։

«Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ»,-ասել է նա:

38-ամյա Աբրահամը արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին: Այս մասին նա նշել է․

«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով»: