Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստան-Իտալիա խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսում նշել է․

«Եթե կարողանանք չեզոքացնել Իտալիայի թիմի ուժեղ կողմերը, ապա վստահ եմ՝ լավ արդյունքի կհասնենք»։

Նա նաև ասել է, որ ոչ ոքին Իտալիայի հետ խաղում ևս լավ արդյունք կհամարվի: Խոսելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասին՝ Արմեն Գյուլբուդաղյանցն ասել է, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ուղևորությունը բավականին երկար է տևել, մի քիչ հոգնած են, բայց հույս է հայտնել, որ կհասցնեն վերականգնվել:

Լրագրողները հետաքրքվեցին՝ ինչու Արտյոմ Սիմոնյանն ու Գոռ Մալաքյանը չեն հրավիրվել հավաքական՝ հաշվի առնելով այն, որ նրանք բավականին լավ մարզավիճակում են, մարզիչը նշել է, որ Արտյոմ Սիմոնյանը խաղում է ենթահարձակվողի դիրքում, որտեղ հանդես գալու համար հրավիրել են Հենրիխ Մխիթարյանին, Պետրոս Ավետիսյանին և Էրիկ Վարդանյանին:

«Ինչ վերաբերվում է Գոռ Մալաքյանին՝ նա լավ մարզավիճակում է։ Գոռին նույնիսկ ցանկանում էինք հրավիրել հավաքական, բայց նա մի խնդիր ունի, եթե դա լուծի կդառնա ազգային հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը։ Գոռը պետք է կարողանա կարգավորել իր էմոցիաները, մանավանդ, խաղի ընթացքում, քանի որ անընդհատ դեղին քարտեր է ստանում, ինչը վտանգավոր է։ Նրա փոխարեն հրավիրել ենք Կառլեն Մկրտչյանին, Արտակ Գրիգորյանին, Արտակ Եդիգարյանին ու Ռումյան Հովսեփյանին, ովքեր նույնպես լավ մարզավիճակ ունեն»,- նշել է Արմեն Գյուլբուդաղյանցը։

Անդրադառնալով Իտալիայի հավաքական ուժեղ և թույլ կողմերին՝ նշել է․

«Ուսումնասիրել ենք Իտալիայի հավաքականին, հզոր թիմ է։ Նրանց երկու կարևոր ֆուտբոլիստները վնասվածք ունեն, բայց վերջին չորս խաղերում էլ առանց իրենց հավաքականը հաղթանակ է տարել»։