Կառավարության նիստում որոշվել է 720 միլիոն դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը՝ 2008թ-ի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով:

Հաստատվել է մարտի 1-2-ը տուժածներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝

1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ

2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ

3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն:

«Հիմա այս որոշումը կայացնում ենք ՍԺ օրենքի հիման վրա, իսկ թեման ամբողջությամբ կփակենք ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա», - ասել է նա:

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, գումարի տրամադրման չափը պայմանավորված է ՀՀ ՀՔԾ-ից ստացված տվյալներով, համաձայն որի 2008թ-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10, առողջությանը ծանր վնաս է հասցվել 10 և միջին ծանրության վնաս՝ 54 անձի: