Մեկ շաբաթ առաջ Դեգենդորֆ քաղաքի փախստականների ճամբարում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք Նիգերիայի և Ադրբեջանի միգրանտների միջև։ Բախումների ընթացքում վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ ճամբարի 3 պահապան և 2 ոստիկան։ Իսկ փախստականների ճամբարի շենքերին լուրջ նյութական վնաս է հասցվել։ Այս մասին գրում է news.am-ը՝ հղում անելով Բավարական Wochenblatt պարբերականին։

Փախստականների այդ նույն ճամբարում հուլիսի 21-ին Ադրբեջանի քաղաքացուհի Խումայ Մամեդովան ինքնասպանություն է գործել։ Համաձայն turan.az-ի՝ արտագաղթողները դիմում են նման հուսահատ քայլի, որպեսզի խուսափեն Ադրբեջան արտաքսվելուց։ Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի 10 քաղաքացիներ հայրենիք չվերադառնալու համար իրենց մարմնական վնասվածքներ են հասցրել։ Նրանցից մեկը՝ յոթ երեխաների հայր Սաբուհի Հուսեյնովը, 2019թ-ի փետրվարին այդ նույն պատճառով ինքնասպան է եղել։

Արտագաղթի մասին հետաքրքիր տվյալներ է ներկայացնում turan.az գործակալությունը, որը հրապարակել է Սոցիոլոգիական մոնիթորինգների կենտրոնի հետազոտությունների արդյունքները։ Համաձայն այդ արդյունքների՝ երկրում հարցվողների 91 տոկոսը կարծում է, որ տնտեսական ճգնաժամի ֆոնին արտագաղթի ալիքը սաստկանում է։ Հարցվածների 8 տոկոսը նման մարդկանց հետ ծանոթ չէ։ Հարցվողների 58 տոկոսը որպես արտագաղթի գլխավոր պատճառ նշել է ցածր աշխատավարձերը եւ կրթության մակարդակն Ադրբեջանում։ 22 տոկոսը պատճառ է համարում կոռուպցիան։

disput.az կայքում Ադրբեջանից միգրացիայի թեմայի անցած տարվա քննարկումները վկայում են այն մասին, որ շատերը որոշում են տեղափոխվել Թուրքիա մշտական բնակության։

«Կավկազսկի ուզելը» ներկայացնում է բավական հետաքրքիր տվյալներ Ադրբեջանի բնակչության թվաքանակի կեղծումների մասին, որն իրականում չի հասնում 7 միլիոնի։ Երկրի իշխանությունները խիստ նվազեցնում են երկրից տեղափոխությունների պաշտոնական վիճակագրությունը՝ զուգահեռ ավելացնելով բնակչության թիվը։

Այդ տվյալները հաստատում է kadamov.com կայքը՝ հղում կատարելով Ա.Արսենևի «Արդյո՞ք Ադրբեջանը ժողովրդագրական զենք ունի» հոդվածին։ Մեջբերենք հոդվածից. «Նորից գործի է դրվել և՛ բազմամիլիոնանոց Ադրբեջանի, և՛ «փոքրիկ, բնակչությունը կորցնող Հայաստանի» մասին առասպելը։ Անկասկած, այդ սպառնալիքներն անուղղակիորեն և զգալի չափով նախատեսվում են միջազգային հանրության ուշադրության համար, որպեսզի ստիպեն նրան ճնշում գործադրել Հայաստանի վրա, ստիպեն նրան զիջել քաղաքական ճանապարհով այն, ինչին Ադրբեջանին չի հաջողվել հասնել ռազմական ճանապարհով 1991-1994թթ-ի ղարաբաղյան պատերազմի ընթացքում»։

Գերմանիայում գործող «Լեգատ» ինտեգրացիայի կենտրոնի ղեկավար, իրավաբան Ալովսաթ Ալիեւը տեղեկացնում է, որ 2018թ-ին Ադրբեջանի 2900 քաղաքացիներ դիմել են Գերմանիայում ապաստան ստանալու համար։ Այդ նույն թվականին Գերմանիայից արտաքսվել է Ադրբեջանի 398 քաղաքացի։ Օդանավակայանում դիմադրություն ցույց տալու պատճառով 9 մարդու վտարել չի հաջողվել։ Երեք մարդու չի հաջողվել վտարել երկրից՝ առողջական խնդիրների պատճառով։ Ադրբեջանի մոտ 500 քաղաքացի համաձայնել է լքել Գերմանիան ֆինանսական օգնության դիմաց՝ Գերմանիայի կառավարության կողմից իրականացվող Հայրենադարձման ծրագրի շրջանակում։

Ընդդիմության քաղաքական գործիչների մեծամասնության և որոշակի սոցիալական խմբերի անձանց համար Ադրբեջանն իրականում վտանգավոր երկիր է։ Վտանգից փախչելով՝ մարդիկ չեն ցանկանում կրկին վերադառնալ այնտեղ և հայտնվել իրավաբանական մեքենայի աղացում, որից դժվար է դուրս գալ ողջ ու անվնաս։ Իսկ նրանք, ովքեր հրաշքով դուրս են պրծել, երկիրը լքում են առանց հետադարձ հայացքի ու ափսոսանքի նշույլի։