Սեպտեմբերի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հրավերով և նախաձեռնությամբ նրա աշխատասենյակում հյուրընկալվել էր «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանը և կազմակերպության փոխնախագահ, սցենարիստ Հայկ Զաքարյանը։

Հանդիպումը կայացել է ջերմ, անմիջական, կառուցողական, բազմածավալ մասնագիտական և գործնական մթնոլորտում։ Քննարկվել են «Հայֆիլմի», հայ կինոյի, հեռուստատեսության և բռնության քարոզ, հակաէսթետիկ ու գեղարվեստական արժեքներից զուրկ, հանրությանը ձանձրացնող և վանող սերիալների դեմ հնարավոր բոլոր միջոցների մասին։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ից irazek.am-ին հայտնում են․

«Հարգարժան պարոն Հակոբյանը մեր գաղափարները կիսեց և մեզ տվեց շատ արժեքավոր և հասուն խորհուրդներ կինոյի և հեռուստատեսության հիմնախնդիրների լուծումները գտնելու բարդ գործընթացում։ Լինելով ոլորտի հնաբնակներից մեկը, մեր պայքարը անվանեց «Ազգանվեր գործ»։ Մենք մեր ծրագրերի մասին պատմեցինք ու ստացանք դրական արձագանք Տիգրան Հակոբյանի կողմից։ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունն էլ իր կողմից հայտնեց իր մեծ աջակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։

Բարձր մակարդակի ծավալուն մեր զրույցը ավարտվեց պարոն Հակոբյանի կողմից առաջարկված աջակցության մի քանի տարբերակներով։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության համագործակցությունը այսուհետև կլինի բարձր և կառուցողական մակարդակի վրա»։