2008թ. սեպտեմբերի 6-ին Հայաստան ժամանեց Գյուլը:

Երիտասարդ դաշնակցականների սուլոցների և ՙճանաչում՚ վանկարկումների ներքո Գյուլը օդանավակայանում իրեն դիմավորող արտգործնախարար Նալբանդյանի հետ տեղավորվեց հատուկ Թուրքիայից ուղարկված զրահապատ մեքենայի մեջ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել էին, որպեսզի Գյուլին հնարավորինս հեռու պահեն այդ օրերին կառավարության մաս կազմող Դաշնակցություն կուսակցության բողոքի գործողություններից:

ՙԵս Կարսից եմ՚, ՙԵս Արդահանից եմ՚, ՙԵս Վանից եմ՚, ՙԵս Իգդիրից եմ՚. այսպիսի ցուցապաստառներով հազարավոր հայեր Երևանի կենտրոնական պողոտաներում, որտեղով պիտի անցներ Գյուլը, ՙկենդանի շղթա՚ էին կազմել և իրենց բողոքն էին հայտնում Թուրքիայի նկատմամբ:

Բաղրամյան պողոտայում կագնած Անահիտ Բերբերյանը, ում նախնիները տունն ու կահկարասին կորցրել են Վանում, մի ցուցապաստառ էր պարզել, որի վրա գրված էր. ՙԻմ հայրենի տունը Վանա լճի մոտ է՚: ՙԵս Վանը տեսել եմ միայն լուսանկարներով: Մտածում եմ, որ եթե գնամ Վան, հայրենազրկության ցավը շատ ավելի սուր կզգամ՚,- ասում էր նա և ցուցապաստառը ձեռքին սպասում Գյուլին, որի զրահապատ մեքենան պիտի անցներ Բաղրամյան պողոտայով:

Արմինե Խաչատուրյանը արմատներով Կարսից է: ՙԵս մեծացել եմ հայրենազուրկի ընտանիքում, իմ տատն ու պապը մեծացել են ամերիկյան մանկատանը: Նրանք ցեղասպանության ժամանակ կորցրել են իրենց ծնողներին: Իմ տատը մինչև մահ երազում գաղթ էր տեսնում ու վեր էր թռչում անկողնուց: Նա անգամ երազում փախչում էր թուրքերից՚,- ասաց Գյուլին սպասող միջահասակ կինը:

Թուրքիայի նախագահի այցը, սակայն, համընդհանուր ընդվզում չառաջացրեց Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում: Դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանը այսպես նկարագրեց այդ օրերի պատկերը. ՙՄի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգևորություն է տիրում, կարծես մեր կորած եղբորն ենք գտել՚:

Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ սարն էր` հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը, ապա նորի վրա ուղղակի գնդակ էր նկարված: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաև Արարատ սարի պատկերը: Քննադատության հուժկու ալիքի հանդիպելով` ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը պաշտպանվելով արձագանքեց. ՙԵս ընդունում եմ, որ իրոք սխալ ենք թույլ տվել: Բայց դա չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրել յուրաքանչյուր մեղքի համար: Ես չեմ ստորագրել Ալեքսանդրապոլի կամ Կարսի պայմանագրերը՚: Ընտրական հանդիպումից մեկ ամիս անց Արարատ լեռը նորից դրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյում նոր ձևավորմամբ:

Սեպտեմբերի 6-ին հայաստանյան օրաթերթերի մեծ մասը իրենց վերջին էջը նվիրել էին Գյուլին: Ողջույն-գովազդում` անգլերենով և հայերենով ասվում էր.

«Բարի գալուստ մեծարգո նախագահ Աբդուլլահ Գյուլ»: Արդար խաղ ոչ միայն 90 րոպեների ընթացքում: Դա է մեր ցանկությունը: Հայկական եթերը հեղեղված էր հայ-թուրքականությամբ: Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց մի խնձորենի, որը սեպտեմբերին ծաղկել էր, և դա, որպես ավետիս, կապվեց Գյուլի այցի հետ:

Արմեն Այվազյանը նկատում է.

«Քարոզչական աշխատանք տարվեց ժողովրդի հետ` թուրքասիրական մոտիվներով, խեղաթյուրվեցին մեր մի շարք խորհրդանիշներ` զինանշանի վրայից Մասիսների վերացումը, անհասկանալի կոչը` ոտքի կանգնել Թուրքիայի հիմնի հնչեցման ժամանակ: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է կանգնել, և ինչո՞ւ հայը պետք է հարգի օրհներգը մի պետության, որի քաղաքականությունն իր նկատմամբ թշնամական, հարձակողական ու վիրավորական է»:

Թուրքիայում ևս միանշանակ չընկալվեց Գյուլի Երևան այցը:

«Միգուցե Գյուլը գնար և աղոթեր Հայոց ցեղասպանությանը նվիրված վայրում և ծաղկեպսակ դներ այնտեղ»,- հայտարարեց Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Բայքալը:

«Հայաստանը ճանաչե՞լ է Թուրքիայի սահմանները, հրաժարվե՞լ է ցեղասպանության պնդումներից, զորքերը դուրս բերու՞մ է Ղարաբաղի գրավյալ հողերից: Եթե այս քայլերը տեղի չեն ունեցել, ապա ինչու՞ է նա գնում»:

Գյուլի Երևան այցի նախօրեին գրավոր հայտարարություն տարածեց ԱՇԿ առաջնորդ Բահչելին. «Պատմական սխալ կլինի գնալ Հայաստան` տեղի տալով արտաքին ճնշումներին և պարտադրանքին և ենթարկվելով հայկական լոբբիին երկրի ներսում: Նման գործելակերպը կվիրավորի Թուրքիայի արժանապատվությունը»:

Ի պատասխան, արտգործնախարար Բաբաջանը հիշեցրեց Բահչելիի կուսակցության հիմնադիր, հանգուցյալ Ալփասլան Թյուրքեշի և հայ պաշտոնյաների, այդ թվում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի միջև նախկինում եղած շփումների մասին: «Գյուլը մտադիր էր գնալ: Ոչ բոլոր դիվանագետներն էին գոհ այդ քայլից: Նա շատ նամակներ ստացավ, որոնցում խորհուրդ էր տրվում չգնալ Երևան: Կար անվտանգության խնդիր, սադրանքների վտանգ: Մի փոքրիկ միջադեպն անգամ կարող էր ամեն ինչ փչացնել»,- ասել է մի թուրք պաշտոնյա:

Որևէ տհաճ միջադեպ թույլ չտալու համար հայկական կողմն արել էր ամեն ինչ: Բացի այդ, Թուրքիայի նախագահի անվտանգությունը, հայ գործընկերների հետ, ապահովում էր մոտ հինգ տասնյակ հոգանոց թուրքական պահակազորը: Երևանում և ՙՀրազդան՚ մարզադաշտում Գյուլի անվտանգությունը ապահովելու նպատակով թուրքական կողմը 8 դիպուկահարների էր գործուղել, ովքեր պետք է աշխատեին հայ դիպուկահարների հետ համատեղ: Ֆուտբոլային հանդիպման ընթացքում հնարավոր հարձակման չենթարկվելու համար նախագահներ Սարգսյանի և Գյուլի նստատեղերի առաջ փամփշտարգել ապակիներ էին տեղադրվել: Երևան էին ուղարկվել Գյուլի զրահապատ մեքենան ու պահպանության սարքավորումները:

Ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի նախագահի հետ միասին դիտելը Գյուլի այցելության վերջին հատվածն էր: Մինչ այդ` օդանավակայանից Թուրքիայի նախագահը ուղևորվել էր հյուրանոց` ոգևորելու թուրք ֆուտբոլիստներին: Ապա Թուրքիայի նախագահին առաջնորդեցին Բաղրամյան 26` նախագահական պալատ: Ընդունելության մեծ դռների մոտ կողք-կողքի դրված էին հայկական եռագույնն ու թուրքական կիսալուսին-աստղը:

Թուրքիայի նախագահը դուրս է գալիս զրահապետ մեքենայից, աստիճանների մոտ նրան դիմավորում է Հայաստանի նախագահը: Ահա և պահը. իրար ձեռք են սեղմում և լայն հայացքներով երկար ժպտում Սարգսյանն ու Գյուլը: Սեպտեմբերյան արևի տակ նրանց դեմքերը պայթում էին հրճվանքից:

Գյուլը Հայաստանում մնաց միայն վեց ժամ, այդ ընթացքում նրան բերած նախագահական ինքնաթիռի շարժիչը չանջատվեց: Բանակցությունների ընթացքում, ըստ հեռուստաընկերությունների ցուցադրած պահերի, նախագահները ակնհայտորեն գոհ տպավորություն էին թողնում: Նրանք ձեռքի շարժումով և չափազանց գոհ ժպիտներով ողջունում էին նաև մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներին:

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:

«Առաջին հանդիպումը շատ լավ անցավ: Նրանք (հայերը) օղի էին խմում, նախագահը (Գյուլը) նարնջի հյութ: Նրանք մանրամասների մեջ չմտան, բայց ընդհանուր առմամբ նրանց մոտեցումները համընկնում էին»,- ասել է հանդիպմանը ներկա մի թուրք պաշտոնյա:

Ընթրիքից հետո Սարգսյանն ու Գյուլը ուղևորվեցվին ՙՀրազդան՚ մարզադաշտ: Թուրքիայի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով:

Քննադատողներից Արմեն Այվազյանը ասաց, որ դա ՙխաղ էր մեկ դարպասի վրա` և ‎‎ֆուտբոլում, և դիվանագիտության մեջ, և քարոզչական իմաստով՚:

«Թուրքիայի նախագահը մի քանի քաղցր խոսք է ասում, մեր հեռուստաընկերություններով այդ խոսքերն անընդհատ հնչում են: Թուրքիայի դրոշը այս վերջին օրերին ավելի շատ ցուցադրեցին, քան երբևէ ցուցադրել էին Հայաստանի դրոշը հայկական հեռուստաալիքներով»,- նկատեց Այվազյանը:

Նախագահ Սարգսյանը, Հայաստանի ողջ իշխանական համակարգը, խորհրդարանում իշխանական կոալիցիան` Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր կուսակցությունները, հեռուստաընկերությունների մեծ մասը, իշխանամետ փորձագետներն ու քաղաքագետները, պալատական մտավորականությունը, ըստ նրանց դեմքի արտահայտության ու հայտարարությունների, երջանկությանը մոտ զգացումներ էին ապրում Թուրքիայի նախագահի այցից:

Մի քանի օր անց նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ՙբոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը և Գյուլի այցը Հայաստան՚: «Պարոն Գյուլը մի քանի անգամ ասաց, որ Թուրքիայում այսօր կա քաղաքական կամք` անդրադառնալու մեր միջև գոյություն ունեցող խնդիրներին: Շատ էական եմ համարում, որ նա իր այդ խոսքերը որևէ այլ հանգամանքով չէր պայմանավորում: Նաև ուրախ եմ, որ պարոն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, և կարծում եմ, թե չափազանց կարևոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Պարոն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետև միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Որևէ քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել»:

Հետագայում ևս նախագահ Սարգսյանը պնդում էր.

«Համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, և հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երևան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը, դժվար խնդիրներ լուծելու շատ լավ օրինակ է: Եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»:

Սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան Երևանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում Գյուլն իր այցը գնահատել էր ՙարդյունավետ և խոստումնալի՚. «Ես հավատացած եմ, որ իմ այցը վերացրեց Կովկասում գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը: Այցելությունս ավարտեցի դրական զգացումներով և մտքերով»: Գյուլին ուղեկցող թուրք լրագրողները գրեցին, որ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման մասին չեն խոսել: «Կովկասի ամենակարևոր հարցը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Իմ այցը Երևան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը»,- թուրք լրագրողները մեջբերեցին Գյուլին, նաև պնդելով, որ հանդիպումների ընթացքում խոսք չի եղել Հայոց ցեղասպանության մասին:

Ավելի ուշ, ամերիկացի լրագրողների հետ զրույցում, ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության հնարավորության հարցին ի պատասխան Գյուլն ասաց, որ ՙմենք անկեղծորեն ցանկանում ենք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծումը և պատրաստ ենք նպաստել դրան՚: «Այդ հարցը, երբ ես Երևանում էի, բարձրացրել է նախագահ Սարգսյանն ինքը»:

Թեև շատերը, առաջին հերթին` միջազգային հանրությունը, Գյուլի Երևան այցը որակեցին պատմական, Անկարայի քաղաքականությունը չփոխվեց: Ավելին, Թուրքիայի վարչապետն ու այլ պաշտոնյաներ Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչեցրին բառապաշար, որը նախկինում չէր գործածվել: Թուրք-հայկական սահմանը մնաց փակ, դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, Անկարան շարունակեց հարաբերությունների բարելավումը կապել ղարաբաղյան խնդրի հետ:

Նախագահ Սարգսյանը, ըստ նրա ելույթների ու հարցազրույցների, թվում է, հավատում էր, որ մերժողականության հարցում Թուրքիան փոխվել է: 2008թ. սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ելույթում նա մեջբերեց Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը, ով ասել էր, որ Թուրքիան պատրաստ է նայել իր անցյալին, պատրաստ է դեմ հանդիման կանգնել ենթադրվող հանձնաժողովի եզրահանգումներին: Նախագահ Սարգսյանի կարծիքով` ՙՍրանք խիզախ իշխանության ներկայացուցչի խոսքեր են: Այժմ մենք պիտի մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում՚:

Արմեն Այվազյանը Հայաստանի քիչ պատմաբաններից էր, ով հրապարակավ և կոշտ կերպով հակադարձեց նախագահ Սարգսյանին` ընդգծելով, որ Թուրքիայի ներկա հայատյաց իշխանություններին և քաղաքական գործիչներին տրվում են սխալ գնահատականներ. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը նրանց անվանում է, ոչ ավելի, ոչ պակաս, քան ՙխիզախ գործընկերներ՚ և չի ուզում նկատել, որ նրանք թուրքական ավանդական ցեղասպանական քաղաքականության մերօրյա շարունակողներն են: Հիշենք թեկուզ Իսրայելի և Գերմանիայի ղեկավարների կտրուկ արձագանքները, նրանց արժանապատիվ պահվածքը, երբ Իրանի նախագահը փորձում էր ժխտել հրեաների Հոլոքոստը: Իսկ մեր նախագահն այն մարդկանց, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, նույն Էրդողանին ու Գյուլին, համարում է իր ՙխիզախ գործընկերները»:

Սեպտեմբերի 6-ի նախօրեին թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանը թեկուզ մի քանի օրով բացելու առիթը կորցրեց: Եվ հենց այն իրողությունը, որ գոնե ‎ֆ‎‎‎‎‎‎‎ուտբոլասերների առաջ չբացվեց սահմանը, բավարար էր համոզվելու, որ Անկարան որևէ մտադրություն չունի վերջ տալու շրջափակմանը: Հայկական կողմը անգամ վերանորոգեց Կարս-Գյումրի երկաթուղու` հայկական հատվածը: Թուրքական կողմում վերանորոգման, հետևաբար նաև` սահմանի ժամանակավոր բացման որևէ աշխատանք չկատարվեց:

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը ոչ միայն չտեսնելու ու չլսելու էր տալիս թուրքական կողմից հնչող կոշտ գնահատականները, այլև պատեհ-անպատեհ առիթներն օգտագործում էր` ցույց տալու իր բարյացակամ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ պետք է ընդգծել, որ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, նախկինում էլ Թուրքիայի հանդեպ ունեցել է զուսպ կեցվածք:

«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր պնդում են, թե կարևոր չէ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների հարցը չի լուծվում, և սահմանն էլ չի բացվում, և որ ստատուս-քվոն չի խանգարում մեր զարգացմանը»,- ասել էր Սարգսյանը 2007թ. հոկտեմբերին: «Բայց ես նաև կարծում եմ, որ մարտահրավերները չեն կարող մեզ ծնկի բերել»:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ օրակարգից չեն հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, Սակայն ի տարբերություն Քոչարյանի ու նրա վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր տասը տարի հետևողականորեն միջազգային ամբիոններն օգտագործում էին Հայոց ցեղասպանության հիշատակման համար, ապա Սարգսյանն ու Նալբանդյանը 2008-2009 թթ. ընթացքում, երբ պաշտոնական Երևանն ակնկալում էր բեկում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, այնքան էլ չէին կենտրոնանում այդ հարցի վրա:

2008 թ. նոյեմբերին Առաջին աշխարհամարտի ավարտի 90-ամյակն էին նշում և իրենց զոհերին ոգեկոչում պատերազմի մասնակից պետությունները:

«Եվ միայն Հայաստանը, որն այդ պատերազմում բոլորից ավելի էր զոհ ու կորուստ տվել, պաշտոնական մակարդակով մեկ բառով իսկ չհիշատակեց այդ տարեդարձը, որպեսզի հանկարծակի հօդս չցնդեն ՙհայ-թուրքական հաշտեցման՚` հայ քաղաքական վերնախավի փուչ պատրանքները»,- նկատեց Այվազյանը:

Հայաստանի երեք նախագահներից և ոչ մեկը հրապարակավ կամ բանակցությունների ընթացքում տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային, Հայաստանի որևէ կառավարություն չեղյալ չի համարել Կարսի պայմանագիրը, որով հաստատել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և Խորհրդային Հայաստանի սահմանները: Բայց եթե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը ուղղակի չէին ասում, այլ հասկացնել էին տալիս, որ Հայաստանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Թուրքիայից, ապա Սարգսյանը բացահայտ հայտարարում է, որ հողային որևէ պահանջ չունի:

Գյուլի Երևան այցի նախօրեին` թուրքական ՙՌադիկալ՚ թերթի հետ զրույցում, նախագահ Սարգսյանն ասաց ավելին. «Բազմիցս թուրք պաշտոնյաների կողմից լսել եմ հարց ՙԱրևմտյան Հայաստան՚, ՙԱրևելյան Հայաստան՚ տերմինների մասին: Ինձ համար տարօրինակ էր միշտ, և միշտ փորձել եմ բացատրել ՙԱրևմտյան Հայաստան՚ և ՙԱրևելյան Հայաստան՚ տերմինների նշանակությունը. դրանք պատմականորեն ձևավորված տեղանուններ են և այդ տեղանունները, նաև այդ ձևակերպումները գալիս են 19-րդ դարի երկրորդ կեսից: Հիմա խոսել այն մասին, որ այս տեղանունների կամ բառակապակցությունների մասին մոռանանք, նույնն է, որ պահանջ դնենք, ասենք, մոռանանք, որ եղել է Կիևյան Ռուսիա, Օսմանյան Կայսրություն, Սպարտա»:

Շատ հայ պատմաբաններ դժգոհություն հայտնեցին, սակայն քչերը հրապարակավ քննդատելու համարձակություն ունեցան: Այվազյանը մի հեռուստաելույթում նկատեց. «Հայաստանի նախագահը իր Ապրիլքսանչորսյան ուղերձում ասաց` ՙՑեղասպանություն, որ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում՚: Հայաստանի Անկախության հռչակագրում այլ ձևակերպում է տրված` ՙՑեղասպանություն, որ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում՚: Ի՞նչու է նախագահը խուսափում օգտագործել Արևմտյան Հայաստան տերմինը: Նախագահը թուրք լրագրողին հարցին ասում է, որ Արևմտյան Հայաստանը աշխարհագրական տերմին է: Թուրքիայի հետախուզության վաղեմի ծրագիրն է եղել Հայաստան անունը ներկայացնել որպես աշխարհագրական տերմին»:

1991թ. ապրիլին, երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր, խորհրդարանի նախագահ Տեր-Պետրոսյանը թուրքական ՙՋումհուրիյեթ՚ թերթի հետ զրույցում հողային պահանջատիրության հարցին ի պատասխան ասել է.

«Այս պահին մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս տնտեսական հարցերին: Տնտեսական հարաբերություններ ապահովելու և փոխադարձ վստահությունը հաստատելուց հետո կարող ենք օրակարգ բերել նաև քաղաքական հարցերը: Հողային հարցը շատ նուրբ հարց է: Հայաստանի խորհրդարանի կողմից 1915թ. դեպքերը ցեղասպանություն որակող մեր որոշման մեջ Թուրքիայից ուղղակի հողային պահանջի վերաբերյալ խոսք չկա: Այդ պահին կողմնակից չենք քաղաքական հարցերը խնդրո առարկա դարձնել՚: Հարցին` ՙՈւզում եք ասել, որ եթե ժամանակը գա, կարող եք դրանք երևա՞ն հանել՚, Տեր-Պետրոսյանը պատասխանում է. ՙԴրա պատասխանը իսկույն տալը դժվար է: Ուզում ենք, որ հարաբերությունները լավ ընթանան: Այդ պատճառով, այս պահին անօգուտ է օրակարգի մեջ նմանօրինակ հարցեր պահել»:

Կիրո Մանոյանի խոսքերով` Հայաստանը այսօր ի վիճակի չէ Թուրքիայի առաջ տարածքային պահանջներ դնել: Այսօր ի վիճակի չէ ոչ թե որովհետև փաստաթղթեր չկան, այլ պարզապես որովհետև տակավին չունի այդ ուժը, և քաղաքական պահը նպաստավոր չէ: Սակայն Հայաստանը չպետք է նաև անի այնպիսի քայլեր, որոնք վաղը կարող են խոչընդոտել նման պահանջների ներկայացմանը:

Ժամանակը և հայ-թուրքական շփումների վերջին քսան տարիները, առաջին հերթին ՙֆուտբոլային դիվանագիտությունը՚ հաստատեցին, որ Թուրքիայից հողային պահանջ չունենալը բավարար չէ, որպեսզի Անկարան Երևանի հետ հաստատի հարաբերություններ: Փաստացի, Թուրքիան պահանջում է, որ Երևանը փաստաթուղթ ստորագրի այն մասին, որ Հայաստանը ապագայում չի ունենա հողային պահանջ: Այսինքն, Թուրքիան պահանջում է հրաժարվել մի բանից, որն այսօր Հայաստանը չի պահանջում: