Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Տավուշի մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական առողջապահական ծրագիրը։

Չորրորդ տարին անընդմեջ բանկի աջակցությամբ UMAF-ի բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ՝ տեղում ստուգելով երեխաների տեսողությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար պատրաստում և նվիրում անհրաժեշտ ակնոցներ: Ծրագրի շրջանակում այս տարի Տավուշում հետազոտվել է մոտ 600 երեխա։

«Տեսողությունը շատ կարևոր է երեխաների համար, որովհետև, երբ նրանք լավ չեն տեսնում, չեն կարողանում լավ հետևել իրենց դասերին: Լավ սովորելու համար պետք է լավ տեսնել: Ուրիշ քաղաքներից էլ երեխաներին ավտոբուսով ենք բերում. կազմակերպում ենք, որպեսզի երեխաները կարողանան գալ և ճանապարհային խնդիրներ չունենան։ Շնորհակալ ենք մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին․ արդեն մի քանի տարի է բանկն է ծրագրին հարկավոր գումարի մեծ մասը տրամադրում։ Այդ միջոցներով կազմակերպում ենք անհրաժեշտ սարքավորումների տեղափոխումը Ֆրանսիայից Հայսատան ու իրականացնում նաև կազմակերպչական այլ աշխատանքներ»,- նշել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության անդամ, ծրագրի համահիմնադիր Պետրոս Օհանյանը: