ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ դժգոհելով վարվող ներքին և արտաքին քաղաքականությունից:

Բաբաջանյանը հայտնել է նաև, որ առաջիկայում կտեղեկացնի՝ արդյո՞ք հրաժարվում է նաև պատգամավորական մանդատից, թե քաղաքական ակտիվ գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակում:

«Թվում էր, թե այդ քաղաքական կազուսը կհանգուցալուծվի 2018թ-ի խորհրդարանական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն ընդամենը նոմինալ առումով փոխեցին քաղաքական ստատուս քվոն՝ քաղաքականության բովանդակությունը թողնելով անցյալի իներցիայի ճիրաններում», - ասվում է նրա գրառման մեջ:

Նա նշել է նաև, որ ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից: Ըստ նրա, ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»:

«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կողմից: Այդ մասին տակավին վերջերս խոստովանեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով արտաքին քաղաքականության ասպարեզում ժառանգականության սկզբունքի մասին: Դա նշանակում է, որ մենք նույնպիսի անհամապատասխանության ու անհամարժեքության խնդիր ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում», - ասվում է Բաբաջանյանի հայտարարության մեջ: