Գյումրիի ավտոմաքսատան բացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին: Այդ մասին հայտարարել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, որն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի:

Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է շինհրապարակում, դիտարկել աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը: ՊԵԿ նախագահի խոսքով`աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել.

«Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով»:

«Հոկտեմբերի 11-ին նախատեսված է կառույցի բացումը, դա մեզ համար կարևոր մարտահրավեր է: Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր ենք սահմանում և այդպիսի նշաձող: Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում, եթե ցանկացած նախաձեռնության մեջ հավակնոտ նշաձող չես սահմանում, ուղղակի հաջողություն չես ունենում և առաջընթաց չես ապահովում», - ընդգծել է Դավիթ Անանյանը:

Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով է իրականացնելու ծառայություններ: Իսկ դա նշանակում է, որ կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրմանկանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա: