Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն, անդրադառնալով քաղաքապետարանի առջև «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային, ասել է,որ «Սանիթեք» ընկերությունում աշխատավարձեր չվճարելը պարբերական բնույթ է կրում։

«Ըստ իս, ուղղորդված միջոցառում է», - ասել է նա լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

«Երևի «Սանիթեքը» փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա։ Մենք մշտապես հորդորել ենք վճարել աշխատակիցների գումարները։ Այս անգամ նույնպես միայնակ չենք թողնի աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք, ինչով կարող ենք, կօգնենք։ Միաժամանակ, մենք մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չենք», - ասել է Երևանի քաղաքապետը։

Հայկ Մարությանը հայտարարել է, որ մայրաքաղաքի սանմաքրման ծառայությունն այս պահին ակտիվորեն համալրում է իր շարքերը, աշխատանքի ընդունվել ցանկացող անձինք կարող են մոտենալ, հարցազրույցի մասնակցել և անցնել աշխատանքի։

Քաղաքապետը նաև հավաստիացրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով փոխանցել է «Սանիտեքի» հասանելիք 3 միլիարդ դրամից քիչ ավելի գումարը՝ բացառությամբ 9 տոկոս տուգանքները։