Ստամբուլում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ լեգենդար բժիշկ Հակոբ Կոթողյանը, ով Թուրքիայում առավել հայտնի է «Անթև Հակոբ» անվամբ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լույս»-ը: Փոխանցում է tert.am-ը։

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը նրան անվանել է «Թուրքիայի մեծագույն մաշկաբաններից մեկը»:

Արևմտյան Հայաստանի գավառներից 1938թ.-ին Ստամբուլ գաղթած հայ ընտանիքի զավակ Հակոբը ծնվել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում: Գյուղից Ստամբուլ տեղափոխված աղքատիկ ընտանիքի տղան ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել և տեղավորվել է հայ արծաթագործների խանութներից մեկում: Հենց ծանր աշխատանքի ընթացքում է, որ սարսափելի միջադեպի ժամանակ նա կորցրել է ձեռքը:

Վերակենդանացման բաժնում հայտնված «Անթև Հակոբի» ընտանիքին բժիշկները հույս ներշնչել չեն շտապել, ասել են՝ կմեռնի: Սակայն այդ օրը Հակոբ Կոթողյանը կարծես վերածնվել է՝ կրկին Սամաթիայի Ջերահփաշա հիվանդանոցում:

1957թ.-ին Ստամբուլի համալսարանի բժշկության ֆակուլտետ ընդունված Հակոբն ավելի ուշ աշխատանքի է անցել նույն Ջերահփաշա հիվանդանոցում:

Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, միջազգային կոնֆերանսների մասնակից, պրոֆեսոր, դասախոս և վաստակավոր բժիշկ Հակոբ Կոթողյանը բազմաթիվ կյանքեր է փրկել միայն մեկ՝ ձախ ձեռքով։