Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, համախոհները, ինչպես նաև ընդդիմադիրները։ Այսօր ժամը 13:00-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Քոչարյանի աջակիցների պահանջն է՝ կատարել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ի որոշումը, ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։

Դատարանի մուտքից որոշ հեռավորության վրա դրված են պատնեշներ, հավաքված են մեծ թվով ոստիկաններ։ Ոստիկանները մի քաղաքացու բերման ենթարկեցին։ Քաղաքացին բղավում էր.

«Լսեցի, որ ուզում եք ժողովրդին քշեք, ասում եմ՝ ժողովուրդը չի քշվում»։

Ռ. Քոչարյանի աջակից քաղաքացիներից Զարուհի Սարգսյանն ասել է, որ իրենք այսօր խաղաղ ցույց են անում, համոզված են, որ արդարությունը հաղթելու է։

«Այսօրվա նիստից ունենք ակնկալիքներ, հույս ունենք, որ Աննա Դանիբեկյանն այնքան ուժ կգտնի իր մեջ, այնքան խելացի կգտնվի ու հենց առաջին որոշումը կլինի այն, որ անհապաղ ազատ արձակվի Ռոբերտ Քոչարյանը»,- նշել է նա։